Գլխավոր դատախազը չբացառեց, որ կարող են բողոքարկել Ռ.Քոչարյանի վերաբերյալ դատարանի վերջին որոշումը
«Հույս ունեմ, որ այսօր մենք կստանանք համապատասխան դատական ակտը, կծանոթանանք դրանց հիմնավորումներին և քրեակատարողական ծառայությունների մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները»,- ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով վարչական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացրած վերջին որոշման վերաբերյալ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչքանով է խնդրահարույց, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է եղել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցի կողմ, իսկ միջդատական գործառույթ իրականցնող մարմնին՝ Գլխավոր դատախազությանը նման գործընթացներում որևէ կարգավիճակով մասնակից չեն դարձնում:
Արթուր Դավթյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Արդարադատության նախարարության քերակատարողական ծառայության՝ պահանջելով, որ մինչև արտակարգ դրության ավարտը կալանավորը մնա համապատասխան բուժհաստատությունում և դատարանը հայցի ապահովման դրական միջոց է կիրառել, որը դատարանի վերջնական որոշման ակտ չէ:
Որպես հայցի ապահովման միջոց, գլխավոր դատախազի տեղեկացմամբ, սահմանվել է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մեղադրյալը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
«Օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում, բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազությունը նման վարույթներում պետք է մասնակցություն ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրականացման շրջանակներում»,- նկատեց Արթուր Դավթյանը:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե արդյոք գլխավոր դատախազը չի բացառում այդ որոշման բողոքարկումը՝ վերջինս դրական պատասխան տվեց և տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը հարցը կքննարկի համապատասխան հայցի ապահովման միջոցը պաշտոնապես ստանալուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում