Իրանը Ուկրաինային չի հանձնի խոցված ինքնաթիռի «սև արկղերը»
Իրանի իշխանությունները հրաժարվել են Ուկրաինային հանձնել հունվարին Թեհրանի մոտակայքում կործանված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերը»։
Այս մասին, regionmonitor-ի հաղորդմամբ, տեղեկացրել է իրանական «ISNA» լրատվական գործակալությունը՝ մայիսի 31-ին։ Հայտնի է նաև, որ «սև արկղերը» կարող են ուղարկվել Ֆրանսիա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը խոստովանել էր, որ Իրանը տեխնիկապես հնարավորություն չունի վերծանելու դրանք։
Ուկրաինայի փոխարտգործանախարար Եվգենի Ենինը իր հերթին հայտարարել էր, որ եթե կործանված ինքնաթիռի շուրջ բանակցությունները Թեհրանի հետ ցանկալի արդյունք չտան, Կիևը կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան։
Հիշեցնենք, որ ուկրաինական «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր 2020թ․ հունվարի 8-ի առավոտյան՝ «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչքից րոպեներ անց։ Վթարի հետևանքով զոհվել էին ինքնաթիռի ողջ անձնակամն ու բոլոր ուղևորները՝ 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Ավելի ուշ Իրանը խոստովանել էր, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է իրանական կողմի սխալի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի պատգամավորը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումը զինվորականների «գերազանց աշխատանք» է որակել
- Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին