Շուրջ 33%-ով նվազել է սպաների հանցավորության մակարդակը. Դավթյան
«Պաշտպանության բանակում 2019 թվականին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը՝ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»,- խորհրդարանում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով դատախազության 2019 թվականի կատարողականը։
Նրա խոսքով, 2018 թվականին զինված ուժերում և ՊԲ-ում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որից զինվորական ծառայության անցնելու հետ կապված է եղել 38-ը։
«Այսինքն՝ 47%-ով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը։ Հատկանշական է, կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36.4%-ով նվազել են զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը, 11.2%-ով՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքերը։ Չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020 թվականի առաջնային նպատակներից է՝ պայքարը բանակում եղած քրեական ենթամշակույթների դեմ»,- շեշտեց Ա. Դավթյանը։
Նա տեղեկացրեց, որ կարևորվում է ՊՆ-ի հետ համագործակցությամբ սպայական կազմի վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցառումների շարունականության ապահովումը։ Նրա պնդմամբ, շուրջ 33%-ով նվազել է սպաների հանցավորության մակարդակը.
«Զինված ոժերում հակակոռուպցիոն պայքարը ևս շարունակում է բարելավվել։ Ուսումնասիրությունների շրջանակում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ դրամի վնաս, որը վեց անգամ գերազանցում է 2018 թվականի արդյունքները»։
Հարակից հրապարակումներ`
- «Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով».գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
- Քրեական հետապնդման ենթարկված ՏԻՄ ղեկավարները շարունակում են պաշտոնավարել. Դավթյան