Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում
Վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվում է կորոնավիրուսով վարակի դեպքերի կտրուկ աճ: Եթե 1 շաբաթ առաջ վարակի դեպքերը չէին գերազանցում 3-ը, վերջին օրերին երկրում սահմանափակումների վերացմանը զուգահեռ նկատվում է դեպքերի աճ: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Ըստ աղբյուրի, մայիսի 29-ից Վրաստանի քաղաքներում վերականգնվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը: Կառավարության որոշմամբ, բոլոր երեք տեսակի տրանսպորտում՝ մետրոյում, ավտոբուսում և երթուղային տաքսիներում դիմակ կրելը պարտադիր դարձավ:
Այսօրվանից Վրաստանում աշխատանքը վերսկսել կկարողանան բոլոր տեսակի խանութները, խոշոր առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ինչպես նաև բացօթյա ռեստորաններն ու սրճարանները:
«Եթե համեմատենք սահմանափակումների վերացումն ու վարակվածների դեպքերը կստանանք հետևյալ պատկերը.
Մայիսի 29 - 8 նոր դեպք,
Մայիսի 30 - 11 նոր դեպք,
Մայիսի 31 - 26 դեպք,
Հունիսի 1 - 11 նոր դեպք
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, սահմանափակումների վերացման ժամանակ դեպքերի ավելացումը սպասվում էր, սակայն նրա խոսքով խուճապի պատճառ չկա, քանի որ համաճարակային իրավիճակը վերահսկվում է:
Մասնագետները քաղաքացիներին կրկին կոչ են անում դիմակ կրել, պահպանել հիգիենայի նորմերն ու սոցիալական հեռավորությունը:
Հունիսի 1-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վարակի 794 դեպք է գրանցվել, որից ապաքինվել է 624-ը, մահացել՝ 12 մարդ: