Պաշտպանության կողմի նմանատիպ վարքագիծը պաշտոնական իրավունքի չարաշահման վկայություն է. Դավթյան
«Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են, ինչը քրգործի դատական քննությունը չսկսելու պատճառ է դառնում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ա. Քոչարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է անում դատախազությունը, որպեսզի պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների պատճառով նիստերի ձգձգումները բացառվեն։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ա. Դավթյանը տեղեկացրեց, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար ակնհայտ է՝ որոշումներ ընդունողը դատարանն է։
«Բայց դատախազությունն իր դիրքորոշումներով միջնորդություններ է ներկայացրել դատարան։ Քրգործը մոտավորապես մեկ տարի է՝ դատարանի վարույթում է, և գրեթե ամեն նիստին պաշտպանների կողմից խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացվում։ Մեր բոլոր դիրքորոշումներում հստակ ասվում է՝ քննության ներկա փուլում առկա են ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկեր, հետևաբար, կալանքը կիրառելի է։ Եվ մենք ասում ենք՝ քանի դեռ չենք անցել դատաքննության փուլին, այդ ռիսկերի վերանալու մասին խոսք լինել չի կարող։ Մենք ֆիքսել ենք, որ պաշտպանության կողմի նմանատիպ վարքագիծը ակնհայտորեն պաշտոնական իրավունքի չարաշահման վկայություն է։ Մենք գտնում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս հիմնավորմամբ սահմանափակելու համապատասխան փուլին բնորոշ գործողությունները և անցնելու ապացույցների հետազոտման»,- շեշտեց Ա. Դավթյանը։
Ա. Քոչարյանն էլ արձագանքեց՝ դատարանում դատախազները պետք է նմանատիպ միջնորդությամբ հանդես գան, որպեսզի կարողանան հիմնավորել՝ փաստաբաններն ունեն մեկ նպատակ, որ դատաքննության հաջորդ փուլը չսկսվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան