Քրեական հետապնդման ենթարկված ՏԻՄ ղեկավարները շարունակում են պաշտոնավարել. Դավթյան
«Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից քանիսի՞ դեմ է քրեական գործ հարուցվել և քանի՞ գործով է մեղադրական եզրակացություն եղել»,- խորհրդարանում հարց հնչեցրեց ՍԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ա. Դավթյանն ասաց, որ զեկույցում կոնկրետ նշված է՝ ինչ գործեր են հարուցվել, և այնտեղ հնարավոր է գտնել այդ տվյալները։
«Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների հատվածում կան այդ տվյալները, նույնիսկ տեսակավորել ենք քրեական հետապնդման ենթական անձանց՝ ըստ զբաղեցրած պաշտոնական դիրքի։ 103 էջից սկսած թվարկված են այն ոլորտները, որտեղ պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակում հայտարարվել է քրեական հետապնդում»,- պատասխանեց գլխավոր դատախազը։
Կ. Սիմոնյանն էլ արձագանքեց՝ համայնքների մեծամասնությունում կան խնդիրներ, այսինքն՝ համայնքի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել.
«Ինձ հետաքրքրում է՝ քրեական գործերի ինչ ստատիստիկա կա, աճո՞ւմ են հարուցվող գործերը, թե՞՝ նվազում»։
Ա. Դավթյանն էլ ասաց, որ այսօր կա «անընդունելի» պրակտիկա, երբ քրեական հետապնդման ենթարկված ՏԻՄ ղեկավարները շարունակում են պաշտոնավարել։
«Այստեղ խնդիրը օրենսդրական է։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու հարկադրանքի միջոցի կարգավորումները հստակեցված չեն՝ խնդիրը շարունակում է մնալ։ Արդեն երկու տարուց ավելի է՝ դատախազությունը նախաձեռնել է օրենսդրական նախագիծ, որն ուղարկվել է խորհրդարան»,- տեղեկացրեց Ա. Դավթյանը։