«Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով».գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
«Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ 2019թ. արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում»,- հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Դրան զուգահեռ 2018թ. համեմատ, 2019թ. բացահայտման ցուցանիշը նվազել է 4.9%-ով:
«12-ով կամ 34 տոկոսով աճ է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով 2018-ին 35 իսկ 2019-ին՝ 47 սպանության դեպք»,- հայտնեց գլխավոր դատախազը:
Ըստ հաղորդման, 2019թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք (2018թ.՝ 24.678), որոնցից 14.961-ը (2018թ.՝ 13.067)՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով: Հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության (7463 դեպք) և ծանր (4490 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 16.7%-ը) հանցագործությունների հաշվին, սակայն աճել են նաև ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Եթե 2018թ. առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների զանգվածում, կազմել են 0.9%-ը, ապա, ըստ հաղորդման, այն կազմել է 2019թ.՝ 1.1%-ը: Ծանր հանցագործությունները 2018թ. կազմել են ընդհանուր հանցագործությունների 14.7%-ը, իսկ 2019թ.՝ 16.7%-ը:
Հաղորդման մեջ ասվում է, որ ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 34.0%, այն դեպքում, երբ 2018թ. այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 38.0%, 1.9%-ով նվազել է նաև առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 57.8%, նախորդ տարվա 59.7%- ի դիմաց։
«Միաժամանակ պետք է փաստել, որ չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ տարվա ընթացքում իրականացված ծավալուն օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ տարվա ընթացքում՝ եռամսյակների կտրվածքվ շուրջ չորս անգամ կրճատվել է աճի տեմպը (2019թ. հունվար՝ 35.3%, դեկտեմբեր՝ 8.8%): Պետք է փաստել, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (20,1%-ից 16,0%), փոխարենը աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (48,8%-ից՝ 52,9%)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, 2019 թվականին ՀՀ քրեական հետապնդման մարմինների վարույթում գտնված քրեական գործերով և նյութերով անցնող բացահայտման տոկոսում հաշվվող 30․500 դեպքից (2018թ.՝ 26.781) բացահայտվել է 17․701-ը (2018թ.՝ 16.853), չի բացահայտվել 12․799-ը (2018թ.՝ 9928)։ Այսինքն, 2019թ. բացահայտման ցուցանիշը կազմել է 58․0%, նախորդ տարվա 62․9%-ի դիմաց։
Նշվում է, որ բացահայտման ընդհանուր ցուցանիշից առավել բարձր է սպանությունների՝ 72,7%, սպանության փորձերի՝ 70,5%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 84,6%, այդ թվում՝ ծանր՝ 72,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 85,5%, ավազակության՝ 78,8%, խարդախության՝ 60,8%, յուրացման կամ վատնման՝ 59,0% և տրանսպորտային միջոց փախցնելու՝ 80,4% դեպքերի բացահայտման արդյունավետությունը, իսկ ցածր է՝ կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի՝ 4,0%, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների՝ 8,8%, բնակարանային գողությունների՝ 21,1%, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունների՝ 33,3% դեպքերի արդյունավետությունը: