Մենք նույնիսկ առաջին ալիքի պիկին չենք հասել, և մեզ շատ ծանր օրեր են սպասվում. Զոհրաբյան
«Սահմանադրությունը նշում է, որ արտակարգ դրությունը ԱԺ-ի վրա չի ազդում, և մենք պիտի շարունակենք մեր աշխատանքը, բայց այդուհանդերձ, հիվանդների հետ կոնտակտավոր պատգամավորները պետք է 14-օրյա կարանտինը պահպանեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին։
Պատգամավորը նշեց, որ ինքը չգիտի՝ կոնտակտավո՞ր է, թե՞՝ ոչ, քանի որ իր շփման շրջանակը շատ լայն և մեծ է։
«Այո, մենք այսօր կորոնավիրուսի հետ կապված ունենք անկառավարելի իրավիճակ, ես պարբերաբար կապի մեջ եմ «Նորք» ինֆեկցիոնի բժիշկների հետ։ Հիմա չեմ ուզում խուճապ տարածել, բայց միանշանակ է, որ մենք նույնիսկ առաջին ալիքի պիկին չենք հասել, և մեզ շատ ծանր օրեր են սպասվում։ Ցավոք, մենք չկարողացանք Վրաստանի պես ճիշտ ժամանակին անել առաջին կանխարգելիչ քայլը, քանի որ այն ժամանակ ծիծաղում էին կորոնավիրուսի վրա, ու մենք բաց թողեցինք ամենակարևոր պահը։ Ես նկատի ունեմ նաև «Այո»-ի քարոզչությունը, ու թող ոչ ոք դեմագոգիա չանի ու չասի, թե դա չնպաստեց վարակի տարածմանը»,- մեկնաբանեց պատգամավորը։
Ն. Զոհրաբյանը շեշտեց՝ հիմա պետք է կոնկրետ քայլեր անել, քանի որ երկու օր հետո շատ ավելի անկանխատեսելի իրավիճակ է լինելու։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա, ըստ պատգամավորի, ամենառիսկային կենտրոններից մեկն այսօր ԱԺ-ն է, և անգամ դիմակ կրելու դեպքում, պատգամավորների նստարաններն այնքան մոտ են իրար, որ որևէ կանոն պաշտպանել հնարավոր չէ։
«Կարծում եմ, որ խորհրդարանը պետք է քննարկի հեռավար նիստեր անցկացնելու տարբերակը»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել