Քանի դեռ ունենք հնարավորություն չգնալ խստագույն սահմանափակումների, կգնանք այդ ճանապարհով.վարչապետ
Մեր ռազմավարությունը մնում է հետևյալը, քանի դեռ ունենք հնարավորություն՝ չգնալ խստագույն սահմանափակումների, ընդհանրապես տոտալ փակումներին, մենք կգնանք այդ ճանապարհով: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Բայց ուզում եմ ասել, որ մեր անհատական վարքագծից շատ բան է կախված և կրկին կոչ եմ անում ուշադիր լինել և իմ դեպքով համոզվել, որ իրականում ուշադրության աննկատ թուլացումը կարող է բերել վարակման դեպքի»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չախտորոշված դեպքն ավելի վտանգավոր է, քան ախտորոշվածը, քանի որ իրենք էլ, շրջապատն էլ չգիտեն, որ վարակված են: Հետևաբար, բոլորը պետք է զգուշավորություն պահպանեն:
«Մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ մեր հյուրանոցների պայմանները ներում էին, սակայն եկավ պահը, որ այնքան շատ էին մեկուսացման և դրական դեպքերը, որ այլևս նման պայմաններում պահելու հնարավորություն չկար»,- անդրադառնալով տնային պայմաններում բուժմանն՝ ասաց վարչապետը: