Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում
Ամերիկայում շարունակվում են անցած տասնամյակների ընթացքում նախադեպը չունեցած ծավալով բողոքի ցույցեր: Ցույցերը, որոնք տարածվել են Սիեթլից մինչև մայրաքաղաք Վաշինգտոն, վերածվել են անհանգստությունների ալիքի, որոնց ժամանակ տեղ են գտնում բռնություններ և գրանցվում բախումներ:
Երկրի տասներկու նահագապետեր հրավիրել են Ազգային պահակազորի ջոկատներ, կասեցնելու համար բռնությունները, կարգ ու կանոնը վերականգնելու համար:
Այս ամենը սկսվեց, երբ սևամորթ մի ամերիկացի` Ջորջ Ֆլոյդը մահացավ, ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո: Մինեապոլիս քաղաքի ոստիկան Դերեք Չովինը, որը Ֆլոյդին գետնին պառկած էր պահում իր ծնկի ուժով, այժմ մեղադրվում է երրորդ կարգի սպանության մեջ: Սակայն ցուցարարները պահանջում են ավելի խիստ մեղադրանք, ինչպես նաև պահանջում են, որ դատարանի առջև կանգնեն նաև մյուս այն երեք ոստիկանները, որոնք այդ պահին եղել են այնտեղ: Այս մասին գրում է Ամերկայի Ձայնը։
«Սա արդեն շատ երկար է շարունակվում, և մենք ուզում ենք տեսնել փոփոխություն»,- ասում են ցուցարարները:
Անցած հինգշաբթի օրվանից երկրի 22 քաղաքներում ոստիկանության կողմից ավելի քան 1700 ցուցարար է ձերբակալվել բռնություններ իրականացնելու պահին: Մինչ այժմ հրկիզվել են տասնյակ բիզնեսներ, մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, զոհվել` մի քանի ցուցարարներ:
Բողոքի այս ալիքը տարածվել է նաև ԱՄՆ-ից դուրս: Հարյուրավոր ցուցարարներ են իրենց բողոքի ձայնը բարձրացրել Լոնդոնում:
Մասնակիցներն ասում են, թե հարյուրավոր տարիներ են սևամորթները ենթարկվել անարգանքի, և դա դեռ շարունակվում է ու ավելի վատթարանում:
«Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ ոչինչ չի արվել այս ուղղությամբ»,- ասում են նրանք:
Մինեսոտան ներկայացնող կոնգրեսական Իլհան Օմարի խոսքերով, այս օրերին սկսված անհանգստության ալիքը միայն մեկ մարդու մահվան արդյունք չէ: Նման վերաբերմունքի են այստեղ ենթարկվում շատերը: Անարդարությունը շատերն են իրենց վրա զգում մեր համակարգում:
Նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ցուցարարների նկատմամբ իր աջակցության մասին, ասել է նաև, թե չի հանդուրժելու անկարգություններն ու վանդալիզմը:
«Ջորջ Ֆլոյդի հիշատակն անարգում են խռովարարները, թալանով զբաղվողները և անարխիստները: Բռնություններն ու վանդալիզմը ղեկավարում են Անթիֆան և ձախակողմյան մի շարք այլ խմբավորումներ»,- ասել է Թրամփը:
Այսօր որոշ շրջանակներ կարծում են, թե ԱՄՆ-ում անհանգստության այս ալիքը հրահրում է Ռուսաստանը: Բարաք Օբամայի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզըն Ռայսի այս հայտարարությանն ի պատասխան, Ռուսաստանի նախագահական խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, ասելով, թե այդ մեղադրանքները «սխալ են և ոչ ճիշտ»:
Սկսված խռովություններն առաջ են բերում նաև առողջապահության հետ կապված անհանգստություններ: Չէ որ նման բազմությամբ հավաքները կարող են է՛լ ավելի մեծացնել կորոնավիրուսի տարածման արագությունը, երբ ԱՄՆ-ում այս հիվանդություններից մահացությունների թիվն անցել է 106 հազարը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
- Նյու Յորքի քաղաքապետի աղջկան բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
- Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
- Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ