«Дьявол кроется в деталях». Արման Աբովյան
«Ռուսերեն այսպիսի մի լավ արտահայտություն կա. «Дьявол кроется в деталях» և պարզապես ժամանակ չունենալով հասկանալ օրինագծի մանրակրկիտ դետալները առաջանում են որոշակի հարցեր»,- «Ոստիկանության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտնեց պատգամավոր Արման Աբովյանը՝ դժգոհելով, որ արմատական փոփոխություններ ենթադրող օրինագիծը հրատապ կարգով է քննարկվում:
Պատգամավորը նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկությունները և մտահոգությունները պատշաճ չեն քննարկվել՝ կրկին ժամանակի սղության պատճառով:
Ըստ պատգամավորի, Հայաստանում բարեփոխումները պետք է լինեն օր առաջ, հատկապես՝ ոստիկանության ոլորտում, բայց ոչ 24 ժամյա ռեժիմով:
Հիշեցնելով, որ նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ԱԺ-ում հայտնեց, որ այն ուժի մեջ է մտնում ընդունվելուց անմիջապես հետո, նույնիսկ 10 օր էլ չեն սպասելու՝ պատգամավորը շեշտեց. «Կարծում եմ, որ ավելի երկար պետք է քննարկվեր՝ ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ, բայց եթե այդպես եք որոշել, ուրեմն այդպես եք որոշել: Այս պարագայում տեսնում եմ, որ չկա ըմբռնում»:
Արման Աբովյանը իր խոսքի վերջում շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ այս պայմաններում, վտանգելով իրնեց առողջությունը, պաշտպանում են հասարակությանը:
«Իմ սիրելի հարգելի, պարոն Աբովյան ջան: Ես նեղվում եմ, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ձեր գործընկերներն ամբողջությամբ ձեզ տեղյակ չեն պահում աշխատանքների մասին»,- արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և հավելեց, որ օրենքի նախագծի վրա բոլորը քրտնաջան աշխատում են արդեն մեկ տարի:
Ըստ պատգամավորի ներկայացրած պարզաբանման, օրենքը հրատապ են ընդունում, որովհետև բոլորը գտնում են, որ պետք է ուժային կառույցներում բարեփոխումներն արագ արվեն: