Բանկերում 3 տրիլիոնի չափ գումար կա՝ որպես ավանդ. Մելքումյան
«Առաջարկում ենք երաշխավորվող դրամական ավանդների շեմը դարձնել 16 մլն, իսկ արտարժույթի դեպքում՝ 7 մլն»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ հինգ տարի առաջ օրենքում սահմանվել է գործող շեմ՝ 10 մլն ՀՀ դրամ, իսկ արտարժույթով՝ 5 մլն։
«Գործում է համապատասխան հիմնադրամ, որպեսզի այդ ավանդների հատուցումը երաշխավորի, և այս նախագծով այդ հիմնադրամին առնչվող որևէ փոփոխություն չի նախատեսվում։ Այսինքն՝ ինչպես մինչ օրս այդ հիմնադրամին տարեկան տրամադրվում է ավանդների չափաքանակի 0.2 %-ը, այդպես էլ շարունակվելու է»,- ասաց պատգամավորը։
Մ. Մելքումյանը ներկայացրեց, որ եթե նախկինում ՀՆԱ-ի մեջ ավանդների չափաբաժինը 5.4% էր, այժմ դա իջել է՝ հասնելով 4.95%-ի.
«Չնայած, որ ավանդների թվաքանակի մոտավորապես 98%-ը երաշխավորվում է, ծավալով ընդամենը 41.5%-ն է երաշխավորվում: Իսկ մնացած մոտ 60%-ը խոշոր ավանդատուներն են, որոնք թվաքանակով շատ չեն, բայց ծավալային առումով շատ մեծ են։ Եվ այս ցուցանիշները ապացուցում են՝ արդեն ժամանակն է, որպեսզի մենք վերև բարձրացնենք շեմը, որի արդյունքում խոշոր ավանդների 45%-ը կերաշխավորվի»։
Ըստ պատգամավորի, բանկերում 3 տրիլիոնի չափ գումար կա՝ որպես ավանդ, իսկ ավանդատուների քանակը մեկ միլիոն է։ Ավանդների կեսը արտարժույթով է, կեսը՝ դրամով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում