Խթանվում է արժեթղթերի շուկան
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս պատգամավոր Արտակ Մանուկյանը նկատեց, որ գործող իրավական ակտով բանկերին և վարկային կազմակերպություններին թույլատրվում է արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրաված ավանդների տոկոսագումարները հաճախորդի ցանկությամբ վճարել այն արժույթով, որով դրանք տրամադրվել են:
Սակայն նույն կարգավորումը չի գործում արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնների հարցում, որոնք, պատգամավորի հավաստիացմամբ, վճարվում են միայն ՀՀ դրամով:
«Եթե արտարժութային ավանդի դիմաց հնարավոր է տոկոսագումար վճարել արտարժույթով, ապա ինչու՞ չի կարելի ավանդին փոխարինող պարտատոմսի դիմաց նույնկերպ վճարել արտարժույթով»,-նկատեց Արտակ Մանուկյանը և շեշտեց, որ իրենց առաջարկած օրինագծով այդ հարցն է կարգավորվում:
Պատգամավորը տեղեկացնելով, որ նման արժեթղթեր վաճառում են նաև բանկերը՝ հավելեց, որ ինքն անձամբ նախընտրում է իր խնայողություններն արժեթղթերում պահել:
Ըստ պատգամավորի, արտարժութային պարտատոմսերի դեպքում օտարերկրյա ներդրողների համար խնդիր է տոկոսագումարները ստանալու համար դրամային հաշիվ ունենալը, նույն հարցը կա նաև տեղական ներդրողների համար:
Օրենքի համահեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կարևոր քայլեր են անում արժեթղթերի շուկա ձևավորելու համար: Ըստ պատգամավորի, բանկային համակարգը լինելով կայացած, օրենսդրությունն այնպես է հարմարեցրել իրեն, որ արժեթղթերի շուկային դուրս է թողել դաշտից:
Նկատելով որ վերջին շրջանում երրորդ փոփոխությունն է կատարվում արժեթղթերի շուկայում՝ Վարազդատ Կարապետյանը նշեց. «Արժեթղթերի շուկան կկայանա, եթե ունենանք վստահության երկու կարևոր հայտանիշ՝ թափանցիկություն և մասնակցություն»:
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հակադարձեց, որ առանց բանկերի ֆինանսական համակարգը չի կայանա:
«Ավանդների պաշտպանությունը ոչ թե այն է, որ մենք այն պաշտպանում ենք բանկերում և չի գնում տնտեսություն, այլ բանկերին ազատում ենք լուրջ տարերային պարտավորությունների գլխացավանքից, որ նրանք իրենց իրացվելիությունը կառավարեն արժեթղթերի շուկայում իրացվելիություն ստեղծելու համար»,- եզրափակեց ԿԲ ներկայացուցիչը:
Պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ հավելեց, որ արժեթղթերի շուկայի համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այն ազատվել է եկամտային հարկից, որը տոկոսադրուքների համեմատաբար հավասար պայմանների դեպքում սպառողին կխթանի պասիվից անցում կատարել դեպի արժեթղթերի տեսքով ակտիվ ավանդի ներդրմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ պետք է քաղաքացին երաշխավորված ավանդների փոխարեն պարտատոմս գնի. Ջուլֆալակյան
- Ոչ ոք չի ասում՝ «ականջներդ կկտրեմ», եթե փողդ չբերես դնես բանկում. Բագրատյան
- Բանկերում 3 տրիլիոնի չափ գումար կա՝ որպես ավանդ. Մելքումյան
- Բանկային ծուղակների միջոցով քաղաքացիների համար 5 մլրդ դրամի խնդիր են առաջացնում. Բագրատյան