Հաշվեհարդար տեսնելու որևէ կոռուպցիոն ռիսկ չի եղել. Երիցյան
«Բանկային գաղտնիքը կիրառվել է ինստիտուցիոնալ կերպով»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նա հիշեցրեց, որ դեռ 2004 թվականին վարկատուների շահերի պաշտպանության և վարկերի վերադարձելիությունն ապահովելու համար ընդունվել էր օրենք, որ կապիտալի 5%-ից ավելի բոլոր վարկերը, եթե ժամկետնանց են, ապա 180 օր հետո պետք է հրապարակվեն.
«Եվ քանի որ բազմաթիվ տվյալներ են հավաքվել, առաջացել է անհատական տվյալների պաշտպանության խնդիր։ Այսօր նաև հիպոտեք ունեցող անձինք կարող են այդ ցանկում հայտնվել»։
Ն. Երիցյանը հայտնեց, որ ԿԲ նախագահի 2009 թվականի հրամանով այդ տվյալները չեն հրապարակվել։ Իսկ իրենք այդ ժամկետնանց վարկերի ցանկերը դուրս են բերել և քննարկել են։
«Եվ արդյունքում մենք տեսել ենք, որ բանկային գաղտնիքը ինստիտուցիոնալ է կիրառվել՝ առանց որևէ բացառության, և հաշվեհարդար տեսնելու որևէ կոռուպցիոն ռիսկ չի եղել»,- շեշտեց ԿԲ նախագահի տեղակալը։
Նա վստահեցրեց, որ այժմ վարկատուների շահերի պաշտպանության համար գործում է հատուկ ենթակառուցվածք՝ վարկային բյուրո, և 2004 թվականին վարկատուների շահերի պաշտպանության և վարկերի վերադարձելիությունն ապահովելու համար ընդունված օրենքն այլևս իմաստ չունի, ուստի կարելի է այն չեղարկել։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Աթաբեկյանը հայտնեց, որ 2009 թվականից ԿԲ-ն սեփական նախաձեռնությամբ իրավական ակտի միջոցով դադարեցրել էր օրենքի կիրառումը և որևէ տվյալ չէր հրապարակվել.
«11 տարի օրենքն առկա էր, և որևէ տվյալ չէր հրապարակվում, իսկ դրանում մենք կոռուպցիոն ռիսկեր էինք տեսնում։ Եվ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որպեսզի նմանատիպ ռիսկերից խուսափենք»։