Ստուգայցեր՝ ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր
Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում այսօր առավոտյան ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։
Նույն օրը ուժեղացված ստուգայցեր կատարվեցին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավասու տեսչական մարմինների աշխատակիցների հետ, շրջեցին վարչական շրջանի բակերով ու փողոցներով՝ հետևելով, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները։
Ստուգայցեր կատարվեցին նաև ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր։ Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ոստիկանության ստուգայցերը լինելու են տարբեր վայրերում և անսպասելի. բոլոր օրինախախտները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- նշված է հաղորդագրությունում: