Ինչո՞ւ պետք է քաղաքացին երաշխավորված ավանդների փոխարեն պարտատոմս գնի. Ջուլֆալակյան
«Ինչո՞վ պետք է քաղաքացին շահագրգռված լինի, որ երաշխավորված ավանդների փոխարեն պարտատոմս գնի»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ դիմելով ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ն. Երիցյանն ասաց, որ պարտատոմսերն ավելի մեծ եկամուտ են բերում, բացի այդ ավելի իրացվելի են։
«Այսինքն՝ քաղաքացին երբ ուզի կարող է իր պարտատոմսը վաճառել, իսկ օրինակ ավանդը ժամանակից շուտ հանելու դեպքում տոկոսները կորում են։ Իսկ պարտատոմսի դեպքում նման խնդիր չկա, որևէ եկամուտ չի կորում։ Բացի այդ, ինչ-որ բրենդներ կան շուկայում, որտեղ մարդիկ կուզեն ներդրումներ անել, քանի որ դրանք չեն վերանա, կամ տեսանելի ապագայում որևէ ձևով խոցելի չեն լինի։ Իսկ մեզ մոտ խնդիր կա՝ բրենդները չեն ուզում, որ քաղաքացին իրենց հետ սեփականատեր լինի, իրենց շահույթներից օգտվի»,- մեկնաբանեց Ն. Երիցյանը։
Ա. Ջուլֆալակյանն էլ արձագանքեց, որ ավանդների դեպքում էլ երեք ամիս հետո արդեն հնարավոր է տոկոսագումարը վերցնել. «Ի՞նչ է ստացվում, որ մի քիչ փոքր շահույթ կա ավանդների դեպքում, բայց կա նաև երաշխիք, որը պարտատոմսի դեպքում չկա»։
Ն. Երիցյանն էլ վստահեցրեց, որ պարտատոմսերը միշտ շատ ավելի եկամտաբեր են լինում։
«Պարտատոմսը ավելի ռիսկային է, և եկամուտն էլ ավելի բարձր է։ Հենց իմաստն այն է, որ տնտեսվարող սուբյեկտն առանց գրավի իր կանխիկ հոսքերի հիման վրա կարողանում է պարտատոմսերը վաճառել և եկամուտներ ունենալ։ Մենք որպես այդպիսին պարտատոմսերի շուկա չունենք, բացի պետական պարտատոմսերից։ Այնտեղ էլ անելիքներ շատ կան։ Ուստի նախ պետք է առաջարկների դաշտ ստեղծել և հարց բարձրացնել՝ ինչու չեն թողարկվում պարտատոմսեր, կամ ինչու են պետական պարտատոմսերի շուկայում ներդրողներն այդքան սակավ»,- ասաց Ն. Երիցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք չի ասում՝ «ականջներդ կկտրեմ», եթե փողդ չբերես դնես բանկում. Բագրատյան
- Բանկերում 3 տրիլիոնի չափ գումար կա՝ որպես ավանդ. Մելքումյան