
Վարչապետը գիտի՝ ում մեղադրել ռեկորդային թվերի համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել գրելով. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։
Հիշեցնենք, որ այսօր Վանաձորում գտնվող «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, մոտ 20 կոնտակտավոր անձինք մեկուսացվել են: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Բոլոր անվտանգության կանոնները ֆաբրիկանում պահպանվել են և հսկվել են տեսչական մարմնի կողմից, բայց այդ մարդիկ օրվա մի մասը հաստատությունից դուրս են գտնվում, հետևաբար կարող էին այլ վայրերից վարակվել, և հիմա ընդհանրապես հնարավոր չէ պարզել, թե որտեղից են վարակվել: ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են տանում, որպեսզի մեկուսացման ռեժիմ ապահովեն»,- ասել էր նա:
Մարզպետը հավելել էր, որ երեք վարակակիրներն էլ Վանաձորի բնակիչներ են: Նա նաև հիշեցրեց, որ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է և մինչ օրս գրանցվել է մահվան 1 դեպք:
Քիչ առաջ էլ մեկ այլ գրառմամբ վարչապետը հայտնեց.«Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով»: