Մինչև 300 հազար դրամ վարկերի դեպքում կսահմանվեն որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ
«Սպառողական կրեդիտավորման դեպքում առաջարկում ենք, որ վարկառուն ձեռագրով գրի, թե որքան է վարկի փաստացի տոկոսը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով «Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Ա. Մանուկյանի խոսքով, օրենքի կարգավորմամբ, մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով տրամադրվող վարկերի դեպքում Կենտրոնական բանկը կսահմանի որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ, այդ թվում նաև սպառողի վարկունակության վերաբերյալ։
«Դա կարվի, որպեսզի իրենց վարկը սպասարկելու հնարավորություն ունեցող քաղաքացիներն ավելի առաջնահերթ դառնան վարկատուի համար»,- շեշտեց Ա. Մանուկյանը։
Նրա խոսքով, վերոնշյալ կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։
ԱԺ ֆինսնսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ շեշտեց, որ օրենքի նախագիծը մտնում է փաթեթի մեջ, որտեղ կան նաև ոչ օրինական, լիցենզիա չունեցող սուբյեկտների կողմից սպառողական վարկերի գովազդմանը վերաբերող դրույթներ։
«Դախլեքի հետևից վարկեր տրամադրելու դեմ ևս քայլեր պետք է արվեն, քանի որ այդտեղ թափանցիկության ու պատասխանատու վարկավորման խնդիրներ կան։ Այս ուղղությամբ պետք է քայլեր արվեն, որպեսզի մեր երկրում վարկառուն ինֆորմացված լինի, և չստորագրի փաստաթղթեր, որոնց հետևանքների մասին հստակ ինֆորմացիա չունի»,- ասաց Ն. Երիցյանը։