Առաջարկվում է փոփոխություն իրականացնել ֆրանչայզինգի պայմանագրի գրանցման հարցում
«Մենք ունենք խնդիր, որ ֆրանչայզինգի պայմանագիրը պետք է գրանցվի ոչ թե արդարադատության նախարարության համապատասխան գերատեսչությունում, այլ՝ մտավոր սեփականության գործակալությունում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, պայմանագրի այդ տեսակից շատ իրավունքներ են բխում, որոնք ենթակա են գրանցման հենց մտավոր սեփականության գործակալությունում, և այդ տրամաբանությունից ելնելով, իրենք առաջարկում են, որ համալիր թույլտվության պայմանագիր կնքելիս, այն դեպքերում, երբ պայմանագրի առարկան արտոնագիր է ստացել այդ գործակալության կողմից, ապա այն գրանցում պետք է ստանա հենց այդտեղ՝ մտավոր սեփականության գործակալությունում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ այսօր և՛ մտավոր սեփականության գործակալությունում է գրանցում իրականացվում և՛ արդարադատության նախարարության ռեգիստրում. առաջարկվում է ռեգիստրում գրանցումը հանել։