Ֆլորիդայում շերիֆը բնակիչներին հորդորում է գնդակահարել իրենց տներ ներխուժած թալանչիներին
ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Փոլկ շրջանի շերիֆ Գրեյդի Ջուդը մարդկանց խորհուրդ է տվել կրակել ցանկացած թալանչիների վրա, որոնք կփորձեն ներխուժել իրենց տներ։ Այս մասին, NY Daily News-ի հաղորդմամբ, շերիֆն ասել է երկուշաբթի մամուլի ճեպազրույցի ընթացքում:
«Ես նրանց (թալանչիներին․-խմբ) կասեի, եթե դուք գնահատում եք ձեր կյանքը, չպետք է դա անեք Փոլկ շրջանում, քանի որ այստեղ մարդիկ սիրում են զենքեր, ունեն իրենց զենքերը ու այս գիշեր պատրաստ են լինել իրենց տներում՝ լիցքավորված հրացաններով», - ասել է Գրեյդի Ջուդը։
Շերիֆը թալանչիներին զգուշացրել է, որ եթե փորձեն ներխուժել մարդկանց տներ՝ գողանալու, հրդեհելու, ապա նրանց պետք է հետ շպրտել՝ կրակոցներով։
«Այնպես որ, համայնքին հանգիստ թողեք»,- ասել է շերիֆը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո խաղաղ բողոքի ցույցերը շատ քաղաքներում վերածվել են կողոպուտի ու թալանի:
Նշենք, որ ԱՄՆ-ում զենք ունենալն օրինական է: 2018թ․-ի «Փոքր զենքերի հետազոտությունը» փաստել էր, որ աշխարհում կա ավելի քան մեկ միլիարդ փոքր զենք, որից մոտ 857 միլիոնը (մոտ 85 տոկոսը) գտնվում է քաղաքացիական անձանց ձեռքերում: Հետազոտությունը նաև փաստել էր, որ միայն ԱՄՆ-ում քաղաքացիական անձանց պատկանող զենքի քանակը կազմում է մոտ 393 միլիոն, որը կազմում է ամբողջ աշխարհում այս զենքի մոտ 46 տոկոսը։ Սա կազմում է «120,5 հրազեն՝ յուրաքանչյուր 100 բնակչի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսում ջարդուփշուր են արել Gucci-ի, Marc Jacobs-ի, Alan Kokozian-ի և շքեղ այլ ապրանքանիշերի բուտիկները
- Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
- Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս