Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների հրապարակումը՝ սաբոտաժի, արտահոսքի ու հաքերային հարձակման արանքում
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները։ Գրում է «Հրապարակ»-ը՝ չմասնավորեցնելով աղբյուրը։
Հիշեցնենք, որ Հայաստանում 214 կորոնավիրուսով հիվանդ է մահացել, նրանցից 56-ը, ըստ առողջապահության նախարարության, «այլ հիվանդությունից»:
Հրապարակված ցանկում նշված է 132 քաղաքացիների անուն, ազգանուն, հայրանում, ծննդյան տարեթիվ ու ամսաթիվ։ Այսօրվա տվյալներով, ըստ նախարարության, կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 158 է։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով տեղեկատվությունը հրապարակած օգտատիրոջը, գրել է.
«Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ մի երկու բան ասեմ.
1. Էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.
ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում
բ. Այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից
2. Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։
Պատգամավորներին կրկին, N-երորդ անգամ կոչ եմ անում ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների և անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին։ Նման արտահոսքերի էս վիճակում պարզապես անթույլատրելի են»։
Panorama.am-ին Առողջապահության նախարարությունից ասացին, որ դիմելու են իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել այդ արտահոսքը։
«Ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց ԱՆ խոսնակ Ալինա Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում