Տարիներ շարունակ ոստիկանությունն ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել. Նաիրա Զոհրաբյան
«Ոստիկանական համակարգում ցանկացած փոփոխություն խիստ կարևոր է»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, տարիներ շարունակ ոստիկանությունն ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել։
«Շատ կարևոր է ոստիկանի կերպարի ստեղծումը։ Ինչպիսի՞ ոստիկան մենք պետք է ունենանք, ոստիկան, որ քաղաքացուն ճանկռելո՞վ է բերման ենթարկում, բռնի ուժ գործադրելո՞վ։ Որ հետո էլ ասի՝ քաղաքացին մեքենայի մեջ ինքն իրեն կծել է։ Մենք այս դահլիճում ինչ օրենք էլ քննարկենք, այն դառնալու է մեռելածին, եթե հերթական անգամ ականջը էսպես բռնենք։ Կրթական ծրագրեր են պետք, եթե ընտանեկան բռնության ժամանակ ոստիկանը գնում է ընտանիք, հետո ինձ հետ մասնավոր զրույցում ասում է՝ ես համաձայն եմ այդ ամուսնու հետ, եթե ինքն այդ մենթալիտետի կրողն է, մենք ի՞նչ ենք ուզում այդ ոստիկանից»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը։
Նա վստահեցրեց՝ պետք է լրջագույն կրթական ծրագրեր անցկացվեն մարդկանց համար, ովքեր ուզում են այդ կարևորագույն առաքելությունն իրականացնել։
Ն. Զոհրաբյանն անդրադաձավ նաև կորոնավիրուսային հիվանդության հետ կապված այսօրվա իրավիճակին՝ նշելով, որ ունենք աղետալի իրականություն՝ 1249 թեստավորված, 519 վարակակիր և 19 մահ։
«Ես չեմ ուզում ասել՝ այս ամենն ինչ արդյունք է, չեմ ուզում ասել, որ մենք կարևոր ժամանակ բաց թողեցինք՝ երկիրը հերմետիկ փակելու համար։ Բայց բժիշկներն ահազանգում են, քանի որ Հայաստանը կարմիր կետով նշված է որպես ամենավտանգավոր և ռիսկային երկրներից մեկը՝ համաճարակի առումով։ Սա որևէ անձնական խնդիր չունի, ընդդիմություն էլ այստեղ որևէ քաղաքական շահ չունի։ Մենք բոլորով պետք է այս իրավիճակից ելք փնտրենք, եթե իհարկե այն չի դարձել անկառավարելի»,- եզրափակեց խոսքը Ն. Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին