Արտահերթ նիստով և՞ս հնարավոր է ՍԴ դատավորներին նշանակել. Մելքումյան
«Առաջարկում ենք ԱԺ-ի կողմից պաշտոնների նշանակման գործընթացը կարգավորել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ նախագծի, եթե կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը պարտադիր քննարկման ենթակա են ԱԺ-ի առաջիկա հերթական նիստում, կամ կարող են քննարկվել ԱԺ արտահերթ նստաշրջանում, եթե թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո առնվազն մեկ հոգի առաջադրվել է։
«ՍԴ մասին օրենքում և դատական օրենսգրքում էլ այս տրամաբանության մեջ ենք առաջարկում փոփոխություններ կատարել»,- ասաց Վ. Հովակիմյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է օրենքի տրամաբանությունը. «Արտահերթ նիստով և՞ս հնարավոր է ՍԴ դատավորներին նշանակել։ Արտահերթով նշանակումն ինչո՞վ է պայմանավորված, եթե մենք բացի հուլիս և օգոստոս ամիսներից, մնացած ողջ ժամանակահատվածում նստաշրջաններ ունենք։ Դուք ենթադրում եք, որ այդ երկու ամսում երկրում կարող է ճգնաժա՞մ առաջանալ»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Վ. Հովակիմյանն ասաց, որ խնդիրն ամիսների մեջ չէ, այլ այնտեղ, որ ԱԺ կանոնակարգում կա տեխնիկական խնդիր, որը հնարավորություն չի տալիս խորհրդարանին ժամանակին համալրել թափուր տեղերը։
«Ավելին, այստեղ ամենակարևոր խնդիրը, որը կա, այն է, որ արտահերթ նիստը ձևավորվում է նախաձեռնողի օրակարգով, այլ կերպ ասած, պատգամավորները կարող են նախաձեռնել արտահերթ նիստ՝ իրենց նախընտրած օրակարգով։ Իսկ այժմ կանոնակարգը հակասություն ունի, քանի որ պատգամավորներին թույլ չի տալիս արտահերթ նիստ հրավիրել պաշտոնի նշանակման հարցով։ Այստեղ է խնդիրը»,- մեկնաբանեց Վ. Հովակիմյանը։
Մ. Մելքումյանն էլ արձագանքեց, որ մտավախությունը, թե որևէ մարմին կարող է ամբողջ կազմով միանգամից հրաժարական տալ, տեսական սցենար է. «Ինչո՞ւ ԱԺ կողմից ձևավորվող մյուս մարմինների համար էլ օրենք չեք բերում, օրինակ ԿԲ խորհրդի, ԿԸՀ-ի և մյուս մարմինների համար։ Ինչո՞ւ ենք կենտրոնանում միայն ՍԴ-ի վրա»։
Վ. Հովակիմյանն էլ արձագանքեց՝ հենց Ձեր ասածով ենք արել, այս կարգավորումը տարածվում է բոլոր մարմինների վրա. «Ձեր ասածն ենք արել. «Ինչը պահանջում եք, արված է»։