Հրաչյա Սարիբեկյան. Ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են
Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին խոստացել էին նախորդ ասուլիսում։
«Երկուշաբթի-երեքշաբթի մենք հասանելիության փորձարկումներ ենք արել, հիմա նորից 24 ժամյա ռեժիմով կապահովվենք սպասարկումը։ Սերվերներն աշխատում են, դրանք մանրակրկիտ կերպով, դետալ առ դետալ մաքրվել են, բովանդակային որևէ կորուստ չունենք»,- ասաց բանախոսը՝ շնորհակալություն հայտնելով գրադարանի կողքը կանգնած ՏՏ մասնագետներին։
Սարիբեկյանի խոսքով, ամենամեծ կորուստը եղել են այրված օդորակիչը, երկու ստեղնաշարն ու մոնիտորը։
Նա ասաց, որ թվայնացված արխիվը եղել է կրիչների վրա, անհիմն որակեց կանխակալ մեղադրանքները, հայտարարություններն ու շահարկումները։
«Դրանց պատասխանելու ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեինք, զբաղված էինք սերվերների վերականգնման աշխատանքով»,- նշեց նա։
Միաժամանակ տնօրենն ասաց, որ մամուլի հրապարակումների մոնիտրինգ են իրականացրել, դիտարկելով նույնիսկ դրանց կիսումներն ու հավանումները։
«Այդ ուսումնասիրությունները մեզ պետք էին։ Շարունակում ենք չբացառել, որ կատարվածը եղել է նաև հարձակում։ Մարդկային միջամտության գործոնը, դիտավորությունը չի հերքվել, փորձաքննությունն ընթանում է»,- ասաց Սարիբեկյանը։
Բանախոսը նշեց նաև, որ գրադարանում ընթանում է ծառայողական քննություն, ԱԻՆ-ը կապի մեջ է Դատախազության հետ, սպասում են քննության ու փորձաքննության ավարտին։ Ակնկալում են անաչառ ու մանրակրկիտ քննության իրականացում։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Չուլյան. Ազգային գրադարանը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է
- ԱԻՆ աշխատակիցներն այսօր ժամանել են Ազգային գրադարան
- Ազգային գրադարան.Արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել
- Հրդեհ Ազգային գրադարանում. Ածխացել են սպասարկող կայանները, որոնցում պահվում են շտեմարանները