ՊԵԿ փոխնախագահ. Շրջանառությունները շուրջ 20 տոկոսով նվազել են
Այս տարվա չորս ամիսներին ՀԴՄ կտորններով արտացոլված իրացման շրջանառությունը և հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 20 տոկոսի չափով անկում է ապրել, ինչը, բնականաբար, պետք է այդպես է լիներ։ Ասուլիսում ասաց Պետական եկամուտների նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Նրա խոսքով, այս շրջանառությունների անկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել, չեն գործել, գործունեության որոշ տեսակներ մասամբ են եղել սահմանափակված, այսինքն, օբյեկտիվ իրավիճակով պայմանավորած խնդիր է։
ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ այս տարվա հունվար, փետրվարին նախորդ տարվա համեմատ աճ է եղել, սակայն արդեն չորս ամսվա կտրվածքով հաշվարկները ցույց են տվել անկում։
«Հույս ունենք, որ այս վիճակը շուտ կավարտվի, շրջանառությունները կվերականգնվեն, քանի որ դրանով են հարկային եկամուտները գոյանում։ Դեռևս ապագան այդքան էլ կանխատեսելի չէ»,- ասաց Ա. Մանուկյանը։
Խոսելով կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների մասին, Ա. Մանուկյանն ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեն անմիջապես իրականացրել է դրանցից երեքը։
Նրա ներկայացմամբ, այդ միջոցառումներից 10-րդը վերաբերում էր միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Այս միջոցառումն արդեն ավարտված է։ Շահառուների քանակը եղել է 6161 սուբյեկտ, աջակցությունից օգտվելու համար դիմել է 5390 սուբյեկտ և ֆիզիկական անձ, գումարը կազմել է 294.4 միլիոն դրամ։
ՊԵԿ փոխնախագահի խոսքով, մասնակցությունը եղել է բավականին բարձր, իսկ նրանք, ովքեր աջակցություն չեն ստացել, պարզապես դիմում չեն ներկայացրել։
5-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվել այն գործատուներին, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերը և աշխատավարձային ֆոնդը։
Ա.Մանուկյանն ասաց, որ այս ծրագրով շահառուները եղել են 14 հազար 964 տնտեսվարող սուբյեկտ, դիմում են ներկայացրել 13 հազար 956-ը։ 2,2 միլիարդ դրամ է կազմել աջակցության գումարը։ Գումարները վճարված են, ծրագիրն ավարտված է։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 հազար 227 հարկ վճարող։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ դիմել է 9248 սուբյեկտ, վճարվել է 1,7 միլիարդ դրամի աջակցության գումար։ Այս ծրագիրը դեռ ընթացքում է, դիմումների վերջնաժամկետը սահմանված է 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ:
18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: 5-րդ միջոցառման դեպքում ծրագրի շահառուներն էին 2-50 աշխատող ունեցող տնտեսվարողները։
Հարակից հրապարակումներ`
- 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ
- ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման արդյունքները
- 10-րդ միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 294 մլն. դրամ
- 10-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է
- Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը
- Ընդունված 18-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին