Պատգամավորների պարգևավճարները պետք է լինեն հասցեական, այլ ոչ՝ համատարած. Էնֆիաջյան
«Խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման նախագծերին մենք կողմնակից ենք»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։
Նրա խոսքով, խորհրդարանում մի քանի հարյուր աշխատող կա, որոնց մի մասը իր գործառույթներն իրականացնելիս հաջողել է, մյուս մասը՝ ոչ։
«Վստահաբար մենք ունենք և լավ աշխատակիցներ, և վատ աշխատակիցներ։ Նույն բազմաչարչար պարգևավճարների մասով պետք է արձանագրենք, որ պարգևավճարները պետք է լինեն հասցեական՝ շատ և արդյունավետ աշխատողների համար, այլ ոչ համատարած բնույթ կրեն»,- շեշտեց Վ. Էնֆիաջյանը։
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ պատգամավորն ասաց, որ գլխադասային հանձնաժողովի նախագահը կարող է առաջարկել խմբակցությանը գրավոր հարցապնդումներով դիմելու կառավարության անդամին, առաջարկն արվում է ԱԺ-ում գործող բոլոր խմբակցություններին միաժամանակ։
«Մենք նույն փաստաթղթով սահմանում ունենք, որ խմբակցությունը մեկ նստաշրջանի ընթացքում իրավունք ունի ընդամենը մեկ հարցապնդումով հանդես գալու, սակայն ունենք 11 հանձնաժողովներ։ Այստեղ իրարամերժ բաներ չե՞ք տեսնում։ Ո՞նց է այս խնդիրը կարգավորվելու, և առհասարակ, շատ աշխատելու մասով ես ինքս առիթ ունեցել եմ մի քանի անգամ խոսելու և ասելու, որ լսումների ինստիտուտն է պետք զարգացնել, որը որևէ ծախս չի ներառում»,-եզրափակեց խոսքը Վ. Էնֆիաջյանը։
Հիշեցնենք, որ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովներում ավելացնել խորհրդականի հաստիք։