Կորոնավիրուսը կլանել է սովորականում տեղի ունեցող մահերը. վարչապետ
«Եվ այս, և վերջին օրերի թվերն ինձ համար հասկանալի չեն, քանի որ մի քանի անգամ քննել ենք հակահամաճարակային կանոնները և մենք որևէ կասկած չունեինք, որ դրանք բերելու են համաճարակի նոր դեպքերի նվազման»,- այս մասին հատնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին և դրանց պատճառներին:
Նա նշեց, որ պատճառների մասին պետական մարմինների զեկույցներն իրեն չէին բավարարում և դիմել է իր համար վստահելի մեթոդներից մեկին՝ հանրությանը, որպեսզի ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման դեպքերը:
«Այս գործողության ընթացքում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն՝ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ»,-ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով ՝ ստեղծված իրավիճակում ընդունված է քննադատության խոսքեր ասել ոստիկանությանը, սակայն իրավիճակի ուսումնասիրությունն այլ բան է ցույց տվել:
«Մենք գործ ունենք 2018-ի հեղափոխության ժամանակ հաստատված հայելային էֆեկտի հետ: Դեռևս այն ժամանակ ասել եմ, որ ոստիկանության էֆեկտիվությունը կախված է գործողության ծավալի հետ: Եթե կանոնները չեն պահպանվում հանրության մեծամասնության կողմից, սա դուրս է գալիս գալիս վերահսկողությունից»,- պարզաբանեց վարչապետն։
Նա փորձեց տալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են մարդիկ անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոններին։
«Կարծում եմ՝ գտել եմ այդ հարցի պատասխանը: 2020 թվականին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019 թվականին: Ավելին, 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել Հայաստանում»,- տեղեկացրեց վարչապետը:
Ըստ նրա՝ մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, ինչն էլ մարդկանց ենթագիտակցության վրա ազդեցություն է ունեցել:
«Կա երկու պատճառ՝ կորոնավիրուսը կլանել է սովորականում տեղի ունեցեղ մահերը: Այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից:
Ինչու են քիչ մահացել, որովհետև կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ և բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլև այլ հիվանդություններից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ շարունակվելու է հանրային վերահսկողության արշավը և ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի այդ մասին: