Մահացել է Հովհաննես Զարդարյանի հայտնի «Գարուն» կտավի հերոսուհին
Մոսկվայում 82 տարեկանում մահացել է թարգմանչուհի, խմբագիր և հրապարակախոս Մայա Հայ-Արտյանը։ Նա խորհրդային և հայ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Արտաշես Հայ-Արտյանի դուստն էր։ kp.ru-ի հաղորդմամբ, նա մահացել է Մոսկվայի իր տանը սրտանոթային անբավարարությունից մեկ շաբաթ առաջ։
«Մայրս լեգենդար գեղեցկուհի էր և կենսուրախ մարդ։ Ընկերները նրա մասին շատ ջերմ են արտահայտվում, նրա այցին միշտ սպասել են որպես տոն, ասում են, որ նրա հետ երջանկություն էր մտնում տուն»,- պատմել է նրա աղջկը՝ Նինան։
Մայա Հայ-Արտյանը հորից ժառանգել էր սերը դեպը արվեստն ու աշխատասիրությունը։
Ինքը ՝ Մայան, բազմաթիվ անգամ դարձել է արվեստի գործերի հերոսուհի։ 1956 թվականին գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» նկարի բնորդուհին է եղել 17-ամյա Մայան։ Այդ աշխատանքը դարձել է Հովհաննես Զարդարյանի ամենահայտնի կտավը։ Գեղանկարիչը աշխատանքի համար 1958 թ. Բրյուսելում Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է արծաթե մեդալի։ Նկարը Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում է և ներկա պահին էլ պահպվում է այնտեղ։
Մայա Հայ-Արտյանը ծնվել է 1939 թվականին Երևանում: 1956-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը: 1963-1964 թվականներին աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թարգմանչական սեկտորում, 1969-1971 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում: 1973 թվականին փոխադրվել է Մոսկվա և նույն թվականից աշխատել ԱՊՆ-ի «Սպուտնիկ» ամսագրում որպես ավագ խմբագիր: Մայա Հայ-Արտյանի թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Խաժակ Գյուլնազարյանի «Եռագրություն» (Մոսկվա, 1965), Միքայել Շաթիրյանի «Նվագախմբի տղաները» (Մոսկվա, 1970), Կարեն Սիմոնյանի «Ցտեսություն, Նաթանայել» (Մոսկվա, 1974) գրքեր։