Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատուները պետք է ազատվեն. Մարուքյան
«Մոտավորապես երկու ամիս է՝ նույն վիճակն է՝ բանկերի մոտ նույն հերթերն են, թոշակները նույն ձևով են տրամադրվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված ֆեյսբուքյան հրապարակումներին։
Նրա խոսքով, հրապարակումներ անել ու ասել՝ այդ ամենը նոր է եղել, ճիշտ չէ։ Ըստ պատգամավորի, ժամանակի ընթացքում համապատասխան մարմիններն իրենց վրա դրված պարտավորությունները չեն արել, և օրինակ, մարզպետարաններն ու համայնքապետարաններն էլ պետք է այդ հսկման գործողություններն անեն, և ամեն ինչ ոստիկանության վրա չթողնեն.
«Բայց լավ է ուշ, քան երբեք։ Քիչ առաջ ես խոսել եմ ԿԲ նախագահի հետ և քննարկել ենք այդ հարցը, նա ասաց, որ ակտիվ զբաղվում են, և բանկերը պետք է բոլորին համաչափ սպասարկեն։ Հսկողությունը թուլացվել է, և արդյունքն այս է, ռեստորանների էջերին եթե հետևեք, իրենք տեսանյութեր հրապարակել են, որ գործում են»։
Հարցին, թե կարիք չկա՞ արդյոք նորից խիստ սահմանափակումներ կիրառելու, Է. Մարուքյանը պատասխանեց՝ խիստ սահմանափակումներ կարելի է կիրառել, եթե մարդկանց տրվի ապրելու միջոց, օրինակ՝ նրանց փոխարեն վճարվեն կոմունալները, գումար տրվի, որ մարդիկ ապրեն։
«Չեն կարող տոտալ կարանտին մտցնել, բայց մարդկանց ապրելու համար գումար չտալ։ Կառավարությունն այժմ ծանր խնդրի առաջ է կանգնած, եթե կարանտին մտցնի, ապա պետք է աջակցի, իսկ դրա համար միջոցներ են պետք։ Եթե կարիքը լինի, դա էլ պիտի լինի, բայց ողջամիտ պայմաններով։ Եթե առաջարկ կա, որ երկու շաբաթով ամեն ինչ տոտալ փակվի, դա ողջամիտ ժամկետ չէ։ Դա ոչինչ չի փոխի, ավելի արդյունավետ կլինի եղած սահմանափակումները ճիշտ կիրառելը»,- շեշտեց Է. Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ համավարակի դեմ պայքարի համար պատասխանատուները պետք է ընդունեն, որ իրենց ներդրած քաղաքականությունը ունի բացթողումներ, հետևաբար այդ մարդիկ պետք է ազատվեն։ Ըստ պատգամավորի, մահերի քանակի համար պատասխան պետք է տան ոլորրտի պատասխանատուները, բայց այս վիճակից դուրս գալուց հետո պետք է խոսել դրա մասին։
Անդրադառնալով վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանը, թե եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, որը բերել է կառավարությանը՝ պատգամավորն ասաց, որ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, բայց նաև ժամանակը չէ մեղքը ժողովրդի վրա բարդելու.
«Յուրաքանչյուրն իր օրինակով պետք է այս ամենի վրա իր ազդեցությունն ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան
- Կառավարությունն ունակ չէ պաշտպանելու ժողովրդին, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից. Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան