Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին
Հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավան գյուղի 3 բնակիչներ:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ըստ աղբյուրի, քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է 21-ամյա համագյուղացին:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին