ԱԺ մշտական հանձնաժողովներում բարձր աշխատավարձով խորհրդականի հաստիքներ են բացվում
«Խորհրդականի համար սահմանել ենք համեմատաբար բարձր դրույքաչափ՝ 6-ը, որը հնարավորություն կտա պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու պառլամենտական աշխատանքներին»,-հայտարարեց պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
Պատգամավորը հայտնեց, որ փոփոխությամբ նախատեսվում է ԱԺ մշտական հանձնաժողովներում ավելացնել նոր՝ խորհրդականի հաստիք, որը ոչ միայն մասնագիտական աշախատանք կիրականացնի, այլև քաղաքական: Խորհրդականի պաշտոնը հայեցողական է:
Ըստ օրենքի համահեղինակի, նախագծով ուժեղացվում է ԱԺ վերահսկողական գործառույթը:
Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովը իր որոշմամբ, ըստ բնագավառների հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին ընդունված նորմատիվ իրավական ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով:
Նախագծի մեկ այ դրույթով սահմանվում է, որ մշտական հանջնաժողովները յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը ներկայացնում են եզրակացություններ կառավարության կողմից նախորդող տարվա ընթացքում կառավարության ծրագրի մշտական հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բնագավառների կատարողականի վերաբերյալ։
Պատգամավորը նշեց, որ նախագծի մշակման մյուս թիրախը ԱԺ հաշվտվողականության բարձրացումն է, այդ նպատակով սահմանվում է, որ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացնելու է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, որը ներառում է՝ խորհրդարանական լսումների, հանձաժողովին հասցեագրված դիմումների և դրանց պատասխանների ու արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություններ և այլն:
Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով մշտական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, որը խնդրահարույց է: Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը կնպաստի առավել քննարկված և հիմնավոր որոշումների կայացմանը: