Գույքահարկի 100% արտոնությունից օգտվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածները
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր խորհրդարանում հայտնեց, որ «Գույքահարկի մասին» օրենքի դրույթները կիրառելու ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ իրավասու մարմնի կողմից դադարեցվել է արտոնության կիրառումն այն զինծառայողների մասով, որոնք հետուսումնական զիվորական պայմանագրային ծառայության ժամկետի ավարտից հետո չեն զորացրվել զինվորական ծառայությունից և նոր պայմանգիր կնքելով շարունակել են իրենց ծառայությունը:
Փոխնախարարը պարզաբանեց, որ նման դեպքերում որոշ համայնքներում կուրսանտի հետ 20 տարով կնքել են գույքահարկի արտոնության պայմանագիր, որից հետո այն դադարեցվել է, չնայած զինծառայողը նոր պայմանագիր է կնքել և շարունակել ծառայությունը:
«Այսինքն՝ ունեինք տեղական ինքնակառավարման մարմիններ, որտեղ տարբեր ձևով էին կիրառել գործող օրենքը և հիմա հստակեցվում է այն»,- հայտնեց փոխնախարարը՝ ներկայացնելով նախարարության հեղինակած «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը:
Այդ խնդիրը լուծելու նպատակով, ըստ Գաբիրել Բալայանի, հստակ սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, օրենքով սահմանված կարգով, զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է համապատասխան չափերով սահմանված գույքահարկի արտոնության իրավունքը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ կարգավորումն արվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում օգտագործվող ձևակերպումները «Գույքահարկի մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու միջոցով:
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն, պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը»,- հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ նախագծում տրվում է այդ ձևակերպումը. որը «Գույքահարկի մասին» օրենքում չի եղել:
Նա տեղեկացրեց, որ օրինագծով սահմանվում է գույքահարկի արտոնությունների դադարեցման դեպքերը, ծառայողին զինծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնելու մեխանիզմները:
Տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շահառուների կազմի փոփոխություն չի լինելու՝ Գաբրիել Բալայանը հայտնեց, որ գույքահարկի վճարման 100 տոկոս արտոնությունից օգտվելու են ԶՈւ և այլ զորքերում զինակոչի միջոցով պարտադիր ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, այդ թվում նաև 2 տարով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող սպաները:
Գաբրիել Բալայանը շեշտեց, որ Հայաստանում տեղակայված ՌԴ զինվորական ստորաբաժանումների զինծառայողները նույնպես օգտվում են արտոնություններից, քանի որ ՀՀ-ն նման պարտավորություններ է ստանձնել ՌԴ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրերով:
«Ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած և հետուսումնական ծառայության մեջ գտնվող ծառայողների համար գույքահարկի արտոնությունը տարածվում է մինչև 40 մլն դրամ արժողությամբ մեկ անշարժ գույքի և մինչև 150 ձիաուժ ունեցող փոխադրամիջոների վրա»,- եզրափակեց պաշտպանության նախարարի տեղակալը: