Հուլիսի մեկից Հայաստանում կարող է սկսվել հրաձգային զենքի արտադրություն. փոխնախարար
«Մենք ակնկալում ենք, որ հուլիսի սկզբից Հայաստանում կսկսենք հրաձգային զենքի արտադրություն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նա անդրադարձավ նաև զորակոչին՝ տեղեկացնելով, որ մայիսի մեկից սկսվել է ամառային զորակոչի փուլը, և այժմ բժշկական ակտիվ փորձաքննության փուլերն են, իսկ ահա հուլիսի մեկից սկսվելու է համալրման գործընթացը։
Պաշտպանության փոխնախարարի խոսքով, բուժզննման շրջանակում զորակոչիկները կորոնավիրուսի թեստ անցնում են, եթե բժշկական ցուցում է լինում։
«Մի քանի նորարարություն ենք արել՝ պայմանավորված համավարակային իրավիճակով, այլևս չի թույլատրվելու ծնողներին և հարազատներին մուտք ունենալ կենտրոնական հավաքակայան, բայց մենք հանձնառություն ենք վերցրել, և մեր նախաձեռնությամբ բոլոր զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայությունների տարածքային ստորաբաժանումներում տեղադրել ենք մոնիտորներ, որոնցով ուղիղ կապով ծնողները կարողանալու են տեսնել, թե ինչպես է ընթանում զորակոչը»,- տեղեկացրեց Գ. Բալայանը։
Նա նաև ասաց, որ ապրիլյան քառօրյայի հետ կապված 17 քրեական գործ է հարուցվել, որոնցից 15-ը կարճվել է։
Դիտարկմանը, որ վերջին շրջանում հակառակորդը պարբերաբար սադրիչ գործողություններ է իրականացնում, պաշտպանության փոխնախարարն արձագանքեց՝ վերահսկելի իրավիճակ է։
«Այսինքն՝ այն դեպքերում, երբ մենք անմիջական վտանգ ենք տեսնում, միանգամից արձագանքում և չեզոքացնում ենք այդ վտանգը»,- եզրափակեց խոսքը Գ. Բալայանը։