Պաշտպան. Կարծում եմ՝ այս որոշումից հետո նոր թափով մեղադրանքների շարք կբերվի Մ.Մինասյանի դեմ
Վերաքննիչ քրեական դատարանի՝ վերացնել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը, պաշտպան Ամրամ Մակինյանի համար սպասելի էր։
«Սպասելի էր այնքանով, որքանով որ առաջին ատյանի դատական ակտը խայտառակ անօրինական էր։ Ուրիշ բնորոշումներ տալն առաջին ատյանի դատական ակտին բավականին դժվար է։ Սպասելի էր Վերաքննիչի այս որոշումը, որովհետև այլ գնահատական տալ դատական ակտին, քան բեկանել, չէր լինի։ Իրավմամբ, Վերաքննիչ դատարանն օրինական որոշում կայացրեց»,- Panorama.am-ին ասաց Ամրամ Մակինյանը։
Այս որոշումից հետո, նրա կարծիքով, կարող է Միքայել Մինասյանի դեմ ֆանտաստիկայի հասնող մեղադրանքներ շատանան, արվելու է ամեն ինչ։
«Սպասում ենք՝ պայմանավորված այն ձգտումներով, հանձնառություններով, որ շատ ակնհայտ տրված են պարոն Միքայել Մինասյանի դեմ։ Սպասում ենք, որ կբողոքարկվի այս որոշումը, նաև, ավելի շատ կարծում եմ, որ քրեական հետապնդման մարմինները, քանի որ այստեղ տապալվեցին, նոր թափով մեղադրանքների շարք կբերեն։
Կես կատակ, կես լուրջ արդեն սկսել եմ մտածել, որ միգուցե նաև Գառնու տաճարը սեփականաշնորհելու մեջ էլ մեղադրեն»,- ասաց Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Քրեական գործի համաձայն, խոսքը 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Մ.Մինասյանին կալանավորելու միջնորդությունը դատարան էր ներկայացվել մարտի 23-ին, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրել էր մայիսի 6-ին, որի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Մինասյանի պաշտպանները։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը
- Իշխանությունները չունեն Միքայել Մինասյանի բացահայտումներին պատասխանելու որևէ այլ տարբերակ. փաստաբան
- Միհրան Պողոսյան. Վարչապետի խոսնակի «ցուցումները» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի կերպով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին