Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը` կորոնավիրուսոտ տարածքների ախտահանման միջոց
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
«Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է:
«Մաքուր ջրածնի պերօքսիդի 0,5 տոկոս կոնցենտրացիան վերացնում է կորոնավիրուսը: Մեր ստեղծած «Բիօքսիլ 2»-ում ջրածնի պերօքսիդի պարունակությունը 5 անգամ ավելի է՝ 2 տոկոս է: Այնտեղ կան նաև ջրածնի պերօքսիդի ակտիվարարներ, որով ջրածնի պերօքսիդի ազդեցությունն ավելացնում են տասնյակ անգամներ: «Բիօքսիլ 2»-ն ակտիվ է մանրէների շատ տեսակների համար: Բացի այդ, այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ»,- վստահեցնում է ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «Բիօքսիլ 2»-ի ստեղծման և արտադրության աշխատանքների ղեկավար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:
«Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է «Բիօքսիլ 2»-ի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:
«Բիօքսիլ 2»-ի արտադրությունը կազմակերպվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածքում հիմնված արտադրամասում, որի հզորությունն օրական 2 տոննա է: Ներկայումս «Բիօքսիլ 2»-ի արտադրության հիմնական պատվիրատուն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է, որը ձեռք է բերել այս ախտահանիչ նյութը ՀՀ ԳԱԱ համակարգի կառույցների ախտահանման համար:
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը և ՀՀ ԳԱԱ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները շաբաթը երկու անգամ ախտահանվում են «Բիօքսիլ 2» ախտահանող-լվացող նյութով: Որպես նվիրատվություն 1 տոննա «Բիօքսիլ 2» Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան