Աջակցության 8-րդ ծրագրի շահառուների թիվը համալվեց ևս 9 ոլորտով
Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ լրացվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակներում աջակցություն ստացող շահառուների շրջանակը:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։
Ըստ հաստատված որոշման, միանվագ դրամական օգնություն կարող են ստանալ նաև ներքոհիշյալ ոլորտներում գործունեություն ծավալողները.
- Մանածագործական արտադրատեսակների արտադրություն
- փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից
- թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն
- ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն
- համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն
- էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
- ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
- համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում
- ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, այս 9 ոլորտներով շահառուների թիվը կավելանա 9171-ով, որոնք աշխատում են 1875 կազմակերություններում, աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:
«Այս պահին 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել 124 հազար 609 շահառուի, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 մլրդ դրամ»,- ասաց փոխնախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ օժանդակության 100 միլիարդ 400 միլիոն դրամ:
«Միջոցառումների շահառու տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1.1 միլիոնը: Ութերորդ միջոցառման շրջանակում մենք արդեն օգնել ենք 124 հազար 609 մարդու՝ 8.4 միլիարդ դրամ, 9-րդ միջոցառումով՝ 186 հազար 233 մարդու՝ 4.9 միլիարդ դրամ: Ընդհանուր առմամբ կառավարությունն ընդունել է 19 հակաճգնաժամային միջոցառում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան