ՄԱԳԱՏԷ-ն 80 երկրների COVID-19 ախտորոշիչ սարքավորում է մատակարարել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը COVID-19-ի ախտորոշիչ սարքավորումներ է մատակարարել 80 երկիր, գործընթացը կշարունակվի առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին ասվում է հինգշաբթի օրը կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Խոսքը գնում է փորձարկման գործընթացն արագացնող ախտորոշման սարքավորումների, գործիքների, ռեակտիվների և ծախսվող նյութերի 250 փաթեթի մասին, ինչպես նաև վերցված նմուշների անվտանգ ախտորոշման համար նախատեսված անձնական պաշտպանության միջոցների և լաբորատոր կաբինետների մասին: Գործակալության աջակցությունը ստացած առաջին երկիրը Պերուն է եղել:
«Օգնության խնդրանքով մեզ դիմել են հարյուր քսան երկիր: Իրականացրել ենք ՄԱԳԱՏԷ-ի պատմության մեջ ամենամեծ օգնության գործողությունը: Մենք օգնում ենք երկրներին՝ տրամադրելով RT-PCR-ի սարքավորումներ, ինչպես նաև տեստավորման և նմուշառման նյութեր»,-ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Ըստ տարածված հաղորդագրության, հակադարձ փոխկապակցման պոլիմերային շղթայական ռեակցիայի (RT-PCR) մեթոդը մի քանի ժամվա ընթացքում թույլ է տալիս ճշգրիտ որոշել վիրուսի առկայությունը: Մինչ օրս ՄԱԳԱՏԷ-ից օգնություն է ստացել 80 երկիր, 49-ը արդեն տեղադրել են PCR մեքենաներ:
«Անհետաձգելի օգնությունն ու ջանքերն այս ուղղությամբ կշարունակվեն: Ես կոչ եմ անում երկրներին և հաստատություններին, ովքեր ի վիճակի են դա անել, իրենց ներդրումն ունենալ աջակցության ծրագրերում»,- նշել է Գրոսին: