Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտացման. Թորոսյան:
«Երեկվա դրությամբ կրկին ունեցել ենք վերջին օրերին արձանագրված թվերի ամենամեծ աճը՝ թվով 697 նոր արձանագրված դեպք»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը՝ հասնելով 11 հազար 221-ի:
Ըստ նախարարի, դժբախտաբար եղել է նաև 6 մահվան դեպք, և գումարային թիվը դառնում է 176:
Թորոսյանը նշեց, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մնում է նույնը. ծանր վիճակում է 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացած են 15 հոգի:
«Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսվել է վերջին օրերին, և մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ բռնկումների պատճառ դառնալ»,- հայտնեց առողջապահության նախարարը և հիշեցրեց, որ մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով էր, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում:
Ըստ նախարարի, փաստացի հնարավոր է էլի նմանատիպ սցենար ունենանք ու դրա համար շատ կարևոր է արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը։
«Լարված է մնում ամենօյա հոսպիտալիզացիայի իրավիճակը»,- հայտնեց Արսեն Թորոսյան և նշեց, որ արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք են ունենում հոսպիտացման և միայն մնացածն է, որ մնում են տնային բուժման:
Առողջապահության նախարարը շեշտեց. «Մենք ամենօրյա ռեժիմով, գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է ասել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանաք այդ պրոցեսը, ինչ-որ մինչ օրս արել ենք՝ այսինքն որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության, շարունակենք այդպես, հակառակ դեպքում շատ դժվար է լինելու այդ ամենեը ապահովել ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հիմնականում սրանից բխեն»:
Կառավարության նիստը հեռավար կարգով վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է այնպես անել, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին: