Գորգիսյան. Տղաներ և աղջիկներ, պարզապես աշխատեք
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրում է.
«Վերջին օրերին ականատես ենք լինում մի արատավոր երևույթի. ոլորտներ ձախողածները շարունակում են հերքել ակնհայտը, հրաժարվում են ընդունել մեղքի իրենց բաժինը և ակտիվ ինքնագովազդով փորձում են հերթական անգամ խաբել քաղաքացիներին։
Ու կրկին հիշում ենք ամենաարդիական հարցը՝ տղաներ և աղջիկներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ է ամեն ինչ այդքան վատ։
Եթե ձեր բոլոր քայլերը ճիշտ էին, ինչու՞ օգտակար չեղան։
Եթե բարձր եք գնահատում ձեր աշխատողներին, ինչու՞ են նրանք դժգոհ ձեր աշխատանքից։
Եթե այդքան խելացի եք, ինչու՞ են ձեր բոլոր որոշումները չհիմնավորված ու անտրամաբանական։
Եթե գիտեք, թե ինչ եք անում, ինչու՞ եք շաբաթը մեկ փոխում ձեր մոտեցումները։
Եթե տիրապետում եք իրավիճակին, ինչու՞ եք արտակարգ դրություն հայտարարելուց միայն 80 օր հետո գիտակցում, որ մեր քաղաքացինեը այնքան էլ օրինապաշտ չեն։
Եթե բոլորդ ձեր աշխատանքը լավ եք անում, ինչու՞ է էլի վարչապետը իր լայվերով փորձում փրկել իրավիճակը։
Հարգելիներս, պարզապես աշխատեք։ Կարծեմ՝ դուք դրա համար եք աշխատավարձ ու պարգևավճար ստանում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծաղրող գրառում էր հրապարակել քաղաքական այս ուժի ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ։
Թորոսյանը գրել էր.
«Իրենց իսկ քաղաքական գերեզմանը փորող մի կուսակցություն, որը կարծես «Լուսաւոր կկոչուի» այսօր մի նվագախմբի պես ինձ մեղադրում է «վիրուսի դեմ պայքարը» տապալելու մեջ` մոռանալով, թե ով էր դեմ արտակարգ դրության երկարացմանը, կոնտակտավորների հայտնաբերման ՏՏ համակարգի ներդրմանը, դիմակների կրմանը, ով էր կոկորդ պատռում, որ արագ վերաբացվի վարակի տարածման աղբյուր հանդիսացող հանրային տրանսպորտը և այսօր արդեն կրկին տասնյակ վարակակիրներ ունեցող մեծ արտադրական ձեռնարկությունները, ով էր կասկածի դնում հյուրանոցներում կարանտինի ապահովման նպատակահարմարությունը` դա համարելով «շռայլություն» և «նկարչություն»:
Հայաստանի առողջապահական համակարգը, ի հեճուկս ձեզ, արել է իր ուժերից մի քանի անգամ ավելին, քան կարող էր վարակի տեմպը զսպելու համար: Տասնյակ տարիներ ՀՆԱ-ից 1.4% չափով թերֆինանսավորված ու նյութատեխնիկական առումով թերզարգացած համակարգը մինչ օրս իրեն պահել է իրենից հարյուրապատիկ ավելի հարուստ համակարգերի պես, մի բան էլ ավելին` շնորհիվ նվիրյալ բուժաշխատողների, որոնց անձամբ խորը շնորհակալ եմ:
Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...»։