«Հրապարակ». Վարչապետը մտադիր է ՊՎԾ գործուղել վստահելի մարդու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Արգիշտի Քյարամյանը, ում Նիկոլ Փաշինյանն անցած ամիս գործուղեց ԱԱԾ՝ որպես փոխտնօրեն: Դավիթ Սանասարյանի լիազորությունները հայտնի քրեական գործի պատճառով դադարեցնելուց հետո Քյարամյանը նախ նշանակվեց ՊՎԾ պետի տեղակալ, ապա՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Քանի դեռ դատարանը որոշում չունի Սանասարյանի գործով, և նա փաստացի ազատված չէ այդ պաշտոնից, կառույցում, ըստ ամենայնի, նոր պետ չի նշանակվի:
Բայց վարչապետը մտադիր է այս կառույց գործուղել վստահելի մարդու՝ պետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներով օժտելով նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ հիմնադիրներից Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը, ով մինչև պատգամավոր դառնալն այս կառույցում պետի տեղակալ էր աշխատում:
«Ինձ նման առաջարկ չի եղել, ես հիշում եմ, որ անցած տարի էլ այդպիսի լուր պտտվեց, բայց ես նման տեղեկություն չունեմ, որովհետև դա այնպիսի պաշտոն է, որ ուղղակի վարչապետի որոշմամբ է նշանակվում: Ես անձամբ վարչապետի որոշման մասին տեղեկություն չունեմ»,- ասաց Ուլիխանյանը:
Նկատենք, որ մեծ թվով թափուր պաշտոններ կան, որտեղ ամիսներով նշանակումներ չեն արվում։ Թափուր են շրջակա միջավայրի նախարարի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի, 6 բուհի ռեկտորների և այլ պաշտոններ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում