Կարծես քայլ առ քայլ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը կարգի , օրենքների, կանոնորեի պահպանման նկատմամբ.վարչապետ
Հակահամաճարակային կանոնների համատարած և զանգվածային չպահպանումը հանգեցրել է այսօրվա իրավիճակին: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա փոխանցամբ՝ արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որը տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը:
«Հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանման հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում: Բայց ես ուզում եմ սրա հետ կապված մի մտահոգիչ միտման մասին խոսել: Մասնավորապես, դա առիթ է դառնում ատելության խոսքի, քննադատության խոսքի այն քաղաքացիների նկատմամբ, ում հակահամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում: Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետև այս պատմությունը միայն նրանց մասին չէ, մեր բոլորի մասին է: Ես ինքս էլ վարակվել եմ, հետևաբար, ես էլ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք է: Սա հարթակ է ոչ թե մարդկանց դատապարտելու, այլ մեր պրոբլեմը հնարավորինս խորը հասկանալու»,-ասաց վարչապետը:
Չնայած դրան, այդուհանդերձ վարչապետը մի դեպքի մասին խոսեց. « Երբ տեսնում եմ ընդհատակյա վերջին զանգ կազմակերպած դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է սխալվել կառավարությունը: Իհարկե, կան մարդիկ, որոնք այս հարցի պատասխանն ունեն միանշանակ: Շատերը կասեին, որ եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված ոստիկանները ազատված լինեին, այսպես չէր լինի: Դատավորները, պաշտոնյաները բոլոր և այլն: Բայց ես ուզում եմ ասել, որ սա շատ կասկածելի ճանապարհ է, որովհետև այս տրամաբանությամբ մենք կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, վաճառողներին, ի վերջո, նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց, մեզ՝ բոլորիս»,-պարզաբանեց Փաշինյանը:
Բոլոր դեպքերում վարչապետը նկատում է, որ հանրության խորքում փոփոխություններ են տեղի ունենում.«Կարծես քայլ առ քայլ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը կարգի , օրենքների, կանոնների պահպանման նկատմամբ: Թեև դա տեղի է ունենում զոհերի և մարդկային կորուստների գնով»:
Իր խոսքի ավարտին վարչապետը տեղեկացրեց իր ընտանիքի առողջական վիճակի մասին:
«Մեր մոտ վիրուսն անցնում է անախտանիշ պայմաննեում: Անցել ենք մանրամասն բժշկական հետազոտություն և այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունենք։ Չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ առավել ևս։ Հավանականություն թեև կա, որ մեր վիճակը կվատանա, բայց այն փոքր է գնահատվում մինչ այս եղած դեպքերի վերլուծությամբ»,-ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան