ԱՄՀ-ի հատկացրած 280 մլն դոլարը հասանելի է Հայաստանի համար. Ջանջուղազյան
«Անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին, վերանայված կանխատեսումների համաձայն, գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել»,-այսօրվա կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը:
Նախարարի խոսքով, ստեղծված իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի բյուջեի ցուցանիշների վրա:
Անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին, Ջանջուղազյանի դիտարկմամբ, կբերի դեֆիցիտի մեծացման, որի ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի փոխառու միջոցների ներգրավում, և ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի:
Տեղեկացնելով, որ ներկայացված ծրագրով Հայաստանը շարունակում է երկարատև համագործակցությունը ԱՄՀ-ի հետ՝ ֆինանսների նախարարը հայտնեց, որ Հայաստանը 2019-ին ԱՄՀ-ի հետ ծրագիր է հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ և ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մեր երկիրը կօգտվի ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, համավարակը հաշվի առնելով հայկական կողմը մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտել է բանակցությունների հերթական փուլը, վերանայել ծրագիրը, ինչի շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել, որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել:
«Մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 280 մլն դոլարի չափով արդեն իսկ հասանելի են: Դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի համար, այլ կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն՝ որպես բյուջետային աջակցության վարկ»,- հայտարարեց ֆինանսների նախարարը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը՝ ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:
Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի՝ սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 77․142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու հայտը»։
Փաստաթուղթը դեռ պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան և Ազգային ժողով: