Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին. Դուք մեղավոր չեք
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, արձագանքելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ իրենց քաղաքական ուժի վերաբերյալ հայտարարությանը, գրում է.
«Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,
իսկապես գովելի է այն փաստը, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:
Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով,Դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:
Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:
Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:
Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր»։