Արա Բաբլոյան. Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն
Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի համոզմամբ, առողջապահական համակարգի շարունակական աշխատանքի համար այս պահին անհրաժեշտ են մի քանի կարևոր քայլեր։
«Ազգային ժողովով երկու անգամ պետք է ավելացվի Առողջապահության բյուջեն, վերանայվեն շտապ բժշկական ծառայությունների գները, որպեսզի կարողանան սպասարկել ամբողջ բնակչությանը»,-168.am-ի հետ զրույցում ասել է նա։
Արա Բաբլոյանի խոսքով, այդ որոշումները պետք է իրականացվեն շատ արագ:
Հարցին՝ արդյոք մանկական հիվանդանոցները պատրա՞ստ են նոր իրավիճակին՝ հաշվի առնելով երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման աճող դեպքերը և արդեն կորոնավիրուսի հետևանք հանդիսացող կավասակի սինդրոմի առաջին դեպքը, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավարը պատասխանել է.
«Արաբկիր բժշկական համալիրն արդեն ամիսներ շարունակ նախարարության հետ ծրագիր է մշակել ու հաստատել, այդ թվում՝ նաև կավասակիով երեխաների համար, այնպես որ՝ մեզ համար անակնկալ չէր այդ դեպքը (գիտեք՝ նա բուժվում է Արաբկիրում), և թե՛ նախարարությունը, թե՛ Արաբկիր բժշկական համալիրը պատրաստ են դրան»:
Արդյոք նախարարությունը խորհրդակցո՞ւմ է Ձեզ հետ՝ որպես փորձառու բժշկի, ոլորտի գիտակի. այս հարցին ի պատասխան էլ՝ նա տեղեկացրել է.
«Մենք սերտ համագործակցում ենք նախարարության հետ»: