Մենք վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին, դուք էլ մեզ վերադարձրեք՝ մեր ընտանիքներ.բժշկուհի
Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը Աշտարակի բուժկենտրոնում հայտնվել է վերապրոֆիլավորման արդյունքում: Համաճարակի սրացումից հետո նա Երևանում է թողել իր ընտանիքն ու գործուղվել Աշտարակ: Լիլիթ Մուսեյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց, որ վերջին շրջանում ավելացել են կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը, հատկապես ծայրահեղ ծանր հիվանդների:
«Բացատրությունը ես գտել եմ՝ բոլորիս անզգուշության, ամփութության, գուցե և ըմբոստության մեջ: Կա մի կարգախոս՝ «Իմ դիմակը փրկում է քեզ և քոնը ՝ ինձ»: Ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեր համար և վերադարձնում ձեզ ՝ ձեր ընտանիքներին: Սիրելի հայրենակիցներ, դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեզ վերադարձրեք նախկին կյանքին…»,-ասաց բժշկուհին:
Մուսեյանը նաև կոչ արեց հանրությանը պահպանել հակահամաճարակային կանոնները. «Այդ կանոնները պարետի կանոները չեն, դա կյանքի կանոններն են ,որոնց կրողն ու կատարողը մենք ենք: Ուստի մենք ենք որոշում վարակվել, թե՞ չվարակվել: Վարակել մեր հարազատներին ,թե՞ չվարակել»:
Իր խոսքի ավարտին Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավարը նշեց, որ որքան էլ ծանր լինի, բուժաշխատողներն ու բժիշկները ոչ մի քայլ հետ չեն գնալու և չեն նահանջելու հիվանդությանը:Միաժամանկ հույս հայտնելով, որ այս պայքարում մենք միասին ենք հաղթելու: