70 հազար մարդ ապրիլ-մայիսին գործազուրկ է դարձել. Մարուքյան
«Դեռևս ամիսներ առաջ մենք առաջարկում էինք՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, և վերջապես դուք շատ կարևոր նախագիծ եք բերել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։
Վերջինս ներկայացնում էր «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է մեկուսացված կամ ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել, եթե վերջիններս գործատուից աշխատավարձ կամ համարժեք այլ միջոց չեն ստացել և չեն խախտել կարանտինը.
«Այժմ մենք առաջարկում ենք մի քանի օր դադար վերցնել, որպեսզի կարողանանք որոշակի հաշվարկներ կատարել և նախագիծը տանել առաջարկությունների փուլ։ Այսինքն՝ հիմա պետք է դեմ քվեարկել»։
Է. Մարուքյանը նշեց, որ նախագիծը հետ կանչելը, իր կարծիքով, կապված է Կառավարության հետ, որը «կեսից որոշել է չհամաձայնել»։
«Հիմա նախագիծը հետաձգում եք՝ ասելով՝ դե կքննարկվի, էլի։ Հասկանում եմ՝ խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ այս նախագիծը կարևոր է, և հիմա է պետք ընդունել։ Հետո արդեն շատ ուշ կլինի։ Ես ուզում եմ քաղաքական հիմնավորումը լսել»,- շեշտեց պատգամավորը։
Արձագանքելով՝ Ն. Զեյնալյանն ասաց, որ այդքան էլ տրամաբանական չէր առանց ՀՀ քաղաքացիներին 100 հազար դրամ տալու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը։
«Իսկ այս առաջարկի հիմքում թիրախայնություն է դրված, և գումար է տրամադրվում այն անձանց, որոնք որևէ ձևով տուժել են կորոնավիրուսի պատճառով։ Ձեր առաջարկի ու այս նախագծի տրամաբանությունը բացարձակ հակառակ է։ Իսկ նախագիծը տանում ենք առաջարկների փուլ, որ որոշակի կանխատեսելիություն կատարենք, որ հասկանանք՝ ապագայում ինչ դեպքեր կլինեն ու հիվանդությունը ինչքան կձգվի»,- մեկնաբանեց Ն. Զեյնալյանը։
Է. Մարուքյանն էլ հակադարձեց՝ սովորություն է դարձել «Լուսավոր Հայաստանին» վերագրել բաներ, որն ինքը չի ասել.
«Մենք առաջարկել ենք ֆինանսավորել այն ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով տուժել են։ Եվ այո, առաջարկել ենք տալ 100 հազար դրամ։ Հիմա մենք այս նախագծին կողմ ենք, բայց այն չի ընդունվելու, ինչո՞ւ։ Բացի այդ տվյալներ ունենք, որ 70 հազար մարդ ապրիլ-մայիս ամիսներին գործազուրկ է դարձել։ Ձեր առաջարկը այդ մարդկանց օգնելու մասին չի, բայց լավ նախագիծ է, եկեք այսօր ընդունենք»։
Ն. Զեյնալյանն էլ ասաց, որ նախագիծը օրակարգից չի հանվում, այլ պարզապես տարվում է առաջարկների փուլ, որպեսզի ավելի հստակ թվային տվյալներ ներկայացնեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան