Եթե գումարի խնդիր կա, ասեք. Մելքումյան
«Որպես կանոն այսպես չի լինում... չի լինում, էլի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, եթե կառավարությունն ու իշխող խմբակցությունը համաձայնության չէին եկել, ապա պետք է նախագիծը չբերվեր, այլ ոչ թե քննարկումից և առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ասվեր՝ անհամաձայնություն կա՝ հետ ենք կանչում նախագիծը։
Հիշեցնենք, որ իշխանական խմբակցությունը առաջարկեց դեմ քվեարկել իր իսկ բերած օրենքի նախագծին, որով առաջարկվում էր մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին նպաստ տրամադրել, եթե նրանք աշխատավարձ կամ այլ համարժեք միջոց չեն ստացել ու չեն խախտել ինքնամեկուսացման կամ մեկուսացման ռեժիմը։
«Եթե հաշվարկների խնդիր կար, գիշերը նիստ գումարեիք, ես էլ սիրով կգայի։ Հիմա այսքան մարդու բերել եք, ասում եք՝ նախագիծը հետ ենք տանում։ Եթե գումարի խնդիր կա, ասեք, մենք գիտենք, որ այն երկար չի բավարարելու։ Բայց եթե խնդիրը հաշվարկի մեջ է, թող ամբողջ գիշեր նստեինք ու հաշվարկ անեինք։ Ես վստահ եմ, որ խնդիրն այդ չի, և պրոբլեմները պետք է համալիր լուծում ստանան»,- շեշտեց պատգամավորը։
Մ. Մելքումյանը վստահեցրեց՝ պետք է խորհրդարան-կառավարություն խորհրդակցություն լինի, որպեսզի սցենար փոխվի, քանի որ ներարկված ֆինանսական հոսքերն արդեն իսկ բավարար չեն։
«Խորհրդարանը չի կարող օտարված լինել հակաճգնաժամային կառավարման բովանդակությունից և տրամաբանությունից։ Պետք է հրավիրել հատուկ նիստ՝ գիշեր կլինի, թե ցերեկ, և հասկանալ՝ սցենարը պե՞տք է փոխել, թե՞՝ ոչ»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սա օրենքի նախագիծը «ջրելու» տարբերակ է. Զոհրաբյան
- 70 հազար մարդ ապրիլ-մայիսին գործազուրկ է դարձել. Մարուքյան
- Առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել