Երկրում իրավիճակը ծանր է, բայց հաղթահարելի. Միրզոյան
«Մենք ունենք իրավիճակ, որը բնութագրվում է՝ որպես ծանր պատերազմական վիճակ»,- խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին։
Նրա խոսքով, այս պահին, առավել քան երբևէ պետք է ունենալ սթափություն և պահպանել հանգստություն։
Ըստ ԱԺ նախագահի, պետք է սթափ գնահատականներ տրվեն իրավիճակին, որպեսզի քայլերը կառավարելի լինեն, իսկ այս դեպքում խուճապը չի կարող գործին որևէ օգուտ տալ։
«Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ թշնամին անգամ հասել է մայրաքաղաքի մատույցներին, և այդ դեպքում էլ առաջնային և կարևոր է եղել հանգստություն պահելը։ Մենք պետք է հասկանանք և քայլեր անենք՝ չկորցնելով կառավարման կարողությունը։ Ամեն ինչ պետք է սկսել իրավիճակը ճիշտ գնահատելուց։ Մեզ համար կարող է ռիսկային լինել գույների անհարկի խտացումը»,- շեշտեց Ա. Միրզոյանը։
Նրա խոսքով, անիմաստ է խոսել ԱԺ նիստերի դահլիճը հիվանդներին տրամադրելուց, երբ չկա նման իրավիճակ, և չկա դրա անհրաժեշտությունը։ Նա կոչ արեց պատգամավորներին՝ նման քայլեր չանել.
«Քանիցս մենք ասում ենք, որ իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը պիտի մտածի, թե այդ դեպքում մյուսները գործ չունեն, և պետք է մի կողմ քաշվեն։ Մենք շնորհակալ ենք բոլոր առաջարկների համար, բայց դրանք պիտի լինեն մտածված։ Շատերի կողմից ճշմարիտ մտքեր են արտահայտվում, բայց մի փոքր բառի շեշտադրման տարբերությունն ամբողջությամբ փոխում է պատկերը։ Ես կրկին ուզում եմ կոչ անել՝ հանրային խոսք ասելիս 11 անգամ մտածեք յուրաքանչյուր շեշտադրման մասին»։
ԱԺ նախագահը ևս մեկ անգամ հաստատեց՝ երկրում իրավիճակը ծանր է, մեկ օրում 697 վարակակիրն ահագին մեծ թիվ է։
«Բայց իրավիճակը հաղթահարելի է, պետք չէ հանձնվել, պետք է հաշվարկված քայլերով գնալ դեպի հաղթահարում։ Էլի որևէ մեկը չգիտի՝ ինչ կլինի։ Այո, կգա նաև պատասխան տալու ժամանակը։ Կառավարությունը հանդես կգա զեկույցով, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին ուղղված որ դրամն ինչի վրա է ծախսվել։ Այդ պատասխան տալու ժամանակն էլ է գալու, ոչ ոք չի փախչելու պատասխանատվությունից։ Այսօր խնդրում եմ պահպանել հանգստություն։ Հանգիստ, հանդարտ, հաշվարկված պետք է շարունակել պայքարը կորոնավիրուսի դեմ»,- եզրափակեց խոսքը Ա. Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա օրենքի նախագիծը «ջրելու» տարբերակ է. Զոհրաբյան
- 70 հազար մարդ ապրիլ-մայիսին գործազուրկ է դարձել. Մարուքյան
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան