ԲՀԿ նախագահ. Մենք երկիր ենք կորցնում, սկսում եմ քննարկումներ տարբեր ուժերի հետ
«Այս կառավարությունն անփորձ է, որոշումներ չի կարողանում կայացնել, մի որոշում կարող է կայացնել ու օրվա մեջ մի քանի անգամ փոխել»,-գործադիր մարմնի աշխատանքի մասին իր դժգոհությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել է կուսակցության քաղխորհրդի՝ հրատապ հրավիրած բացօթյա նիստում։
Նա անազնիվ քայլ է որակում այն, որ իշխանությունը փորձում է համավարակով պայմանավորված իրավիճակի մեղքը բարդել ժողովրդի վրա։
«Ուզում եմ ասել, որ դուք մեղավոր չեք, մեղավոր են անպատասխանատու կառավարիչները, ովքեր չկարողացան կազմակերպել համավարակի տարածումը կանխարգելող ճիշտ ռազմավարություն ու մարտավորություն։ Այսօր մենք երկիր ենք կորցնում, ամեն ժամն ի վնաս է աշխատում մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Այսօր պետք է միավորվել, գաղափարի շուրջ համախմբվել, առաջարկներ ներկայացնել»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Կուսակցության ղեկավարի խոսքով, իշխանության հիմնական առաքելությունը պետք է լիներ երկրում համերաշխության մթնոլորտի հաստատումը, մինչդեռ հակառական է արվում։ Նա անընդունելի համարեց երկրում ատելության մթնոլորտի գեներացումը։ Ծառուկյանը ցավակցել է կորոնավիրուսից մահացածների հարազատներին, շնորհակալություն հայտնել բժիշկներին ու առողջապահության ոլորտի նվիրյալներին անձնուրաց աշխատանքի համար, հիվանդներին էլ՝ շուտափույթ ապաքինում։
Ծառուկյանի խոսքով, իրենք պատրաստ են 24-ժամյա քննարկումների, որ կարողանան ժողովրդի մատից փուշ հանել։
«Մենք պետք է միասնական լինենք։ Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի։ Չլուծվող խնդիրներ չկան, կարևորը հավատն է, միասնությունը»,-ասաց ԲՀԿ առաջնորդը՝ ավելացնելով, որ պատրաստ է հանդիպել երկրի ապագայով մտահոգ գործիչների, անհատների, ՀԿ-ների, քաղաքական ուժերի, մտավորականների հետ։
Նա նկատել է, որ այն անձը, անհատը, գործիչը, որը ընդունելի չի ժողովրդի համար, ընդունելի չէ իրենց կողմից։
Նա համոզված է, որ կառավարությունը կընդունի իր սխալները, ձախողումները, բացթողումները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին