Գագիկ Ծառուկյան. Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում
«Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով, առաջարկել ելքեր՝ ժողովրդի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ»,-հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհուրդի հրատապ հրավիրած նիստում։
Կուսակցության ղեկավարն ընդգծել է՝ այս կառավարությանը տրվել էր ավելի քան բավարար ժամանակ իրականացնելու այն խոստումների օրակարգը, որով նրանք եկան իշխանության, սակայն պետությունն ու ժողովուրդը փորձադաշտ չեն։
«Իշխանությանը տրվել էր լիարժեք ժամանակ, որպեսզի իրականացնեին ժողովրդին տված խոստումները, կյանքի կոչեին ժողովրդի սպասելիքները»,-ասել է ԲՀԿ առաջնորդը՝ ավելացնելով, որ իրենք էլ ասջակցել են այդ փոփոխությունների իրականացմանը։
Գագիկ Ծառուկյանի խոսքով, դեռ մեկ տարի առաջ տեսնելով կառավարության կազմը, ինքը հանգել է եզրակացության, որ այդ կազմով հնարավոր չէ խոստումներն իրականացնել։
«Կառավարության կազմում կան կառավարիչներ, ոլորտի պատասխանատուներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի բան չեն ղեկավարել, կա փորձի պակաս։ Այն, ինչ որ ես կասեմ, դա փաստացի ասել եմ մեկ- մեկ ու կես տարի առաջ, ժողովուրդը, պետությունը փորձադաշտ չեն, պետք է ղեկավարները լինեն պրոֆեսիոնալ ու փորձառու մարդիկ, չպետք է դրվի կուսակցական լինելու կամ իրար հետ քայլելու խնդիր»,-ասել է նա։
Ծառուկյանի խոսքով, այսօր էլ ժողովուրդը դեռ սպասում է իշխանության տված խոստումներին։
«Ես ասել էի, որպեսզի դրանք իրականություն դառնան, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխել։ Բայց այսօր տեսնելով ձախողումները, ես կարող եմ ասել, որ այս իշխանությունը պետք է փոխվի ոչ թե 97, այլ 100 տոկոսով, քանի որ բոլոր ոլորտներում ձախողել են։ Ինձ համար հաճելի չէ խոսել այդ թեմայով»,-նշել է նա իր խոսքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին